Երկու ազգականի՝ մկրատով և ուրագով միմյանց հարվածներ հասցնելու վարույթով կալանավորվել է մեկ անձ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում իրականացվում են անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողություններ՝ 2023 թ․ փետրվարի 21-ի երեկոյան Երևան քաղաքի Վարդանանց նրբանցքի հասցեներից մեկում կենցաղային հարցի շուրջ վիճաբանության ընթացքում երկու ազգականների կողմից միմյանց հարվածներ և մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախաձեռված քրեական վարույթի շրջանակում կատարվող քննությամբ պարզվել է, որ 2023 թ․ փետրվարի 21-ին՝ ժամը 00:00-ից 01:00-ի սահմաններում, Մ․Ֆ․-ն կնոջ հետ գնացել է իր ազգական Ռ․Բ․-ի՝ Երևան քաղաքի Վարդանանց նրբանցքում գտնվող տուն՝ նախօրեին վերջինիս որդու կողմից իր ավտոմեքենայով այլ ավտոմեքենայի հարվածելու և դրա հետևանքով կրած վնասի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով։ Խոսակցությունը վերաճել է վիճաբանության, որի ժամանակ Մ․Ֆ․-ն, քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում իր մոտ գտնվող մկրատի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, երկու անգամ հարվածել է Ռ․ Բ․-ի կրծքավանդակի ձախ հատվածին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր՝ ծակած-կտրած, թափանցող վնասվածքներ: Իր հերթին Ռ․Բ․-ն, նույն վիճաբանության ժամանակ, ուրագով հարվածներ է հասցրել Մ․Ֆ․-ի գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Վերոնշյալ հանրորեն վտանգավոր արարքը կատարելու հիմնավոր կասկածանքով նույն օրը Մ․Ֆ․-ն ձերբակալվել է։

Ռ․Բ․-ն, որը ստացած մարմնական վնասվածքների պատճառով ի վիճակի չի եղել մասնակցելու վարութային և քննչական գործողությունների, ճանաչվել է տուժող։

Զննությամբ դեպքի վայր հանդիսացող տանը հայտնաբերվել են ենթադրյալ հանցագործության գործիք ուրագը և մկրատը:

Առողջությանը փոխադարձաբար պատճառված վնասների ծանրության աստիճանը պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին Մ․Ֆ․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է, և նշված անձին ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ներկայացվել է մեղադրանք։

Մ․Ֆ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, այդ թվում ուրագով հարվածներ հասցրած ազգականի գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ