Եվրախորհրդարանի շուրջ 5 տասնյակ պատգամավոր Ադրբեջանին կոչ է արել COP29-ին ընդառաջ ազատել բոլոր հայ գերիներին

Բաքվում կայանալիք COP29-ին ընդառաջ Եվրախորհրդարանի բոլոր խմբակցություններից ավելի քան հինգ տասնյակ պատգամավոր հանդես է եկել համատեղ հայտարարությամբ՝ ընդգծելով, որ COP29-ը ոչ միայն կլիմայի վերաբերյալ ազդեցիկ և նշանակալի համաժողով է, այլև ներառում է հավատարմություն արդարության և մարդկային արժանապատվության սկզբունքներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանի 52 պատգամավոր, հղում անելով 2021 թվականի մայիսից ի վեր ընդունված Եվրախորհրդարանի համապատասխան բանաձևերին և զեկույցներին, Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել Բաքվում պահվող բոլոր հայ ռազմագերիներին, պատանդներին և գերիներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը։

Եվրախորհրդարանականներն ադրբեջանական իշխանություններին կոչ են արել զերծ մնալ հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը, այդ թվում՝ վանքերը, խաչքարերը աղվանականացնելուց, պատմության վերաշարադրումից։ ԵԽ պատգամավորները կոչ են արել ապահովել հայկական մշակութային ժառանգության անձեռնմխելիությունը։

Հաշվի առնելով պաշտոնական Բաքվի ծավալապաշտական հայտարարությունները՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կոչ են արել ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության դեմ սպառնալիքներից և ցանկացած ագրեսիայից, ինչպես նաև դուրս բերել ադրբեջանական զինուժը Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքներից։

Պատգամավորները դիմել են նաև ԵՄ գործադիր մարմիններին՝ ԵՄ խորհրդին, Եվրոպական Հանձնաժողովին, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչին և կոչ արել ականջալուր լինել Եվրախորհրդարանի ընդունած բանաձևերին և գործել դրանց ոգուն համահունչ։

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը վերջին ամիսներին իրազեկվածության բարձրացման ուղղությամբ աշխատանքներ էր տարել Եվրոպական խորհրդարանում։ Այս հայտարարությունն ու նմանատիպ այլ նախաձեռնությունները շարունակական աշխատանքի արդյունքն են։

Related posts

Մի շարք լրատվամիջոցներ ստացել են ինձ վերագրվող էլեկտրոնային նամակներ. Նազելի Բաղդասարյանը հերքում է իր առնչությունը դրանց հետ

Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության պայմանագրի ստորագրման համար. Գալուզին

Համաշխարհային բանկը հավանություն է տվել Միջին միջանցքի զարգացման համար Վրաստանին 372 մլն դոլարի վարկ տրամադրելուն