ԵՄ-ն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո

Եվրոպական միությունը ողջունում է Վրաստանի աջակցությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի գործողությունները, որոնք հանգեցրել են՝ հունիսի 12-ին Ադրբեջանի կողմից 15 հայ գերիների ազատ արձակմանը և Հայաստանի կողմից ականապատ տարածքների քարտեզների փոխանցմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարություն է տարածել Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը:

«Այս գործողությունները կարևոր մարդասիրական և վստահության ամրապնդմանն ուղղված ժեստեր են Բաքվի և Երևանի կողմից, որոնք, հուսանք, նոր ուղի են հարթելու կողմերի միջև հետագա համագործակցության, ի վերջո, բոլոր հայ պահվող անձանց ազատ արձակման, ինչպես նաև տարածքների ականապատման բոլոր առկա քարտեզների հանձնման համար՝ խուսափելու հետագա մարդկային զոհերից»,- նշել է Բորելը։

Նա ընդգծել է, որ Եվրոպական միությունը և միջազգային մյուս դերակատարներն ակտիվորեն խրախուսել են այս ուղղությամբ քայլեր ձեռնարկելը և հորդորել շարունակել ներգրավված երկրների միջև հետագա համագործակցությունն այդ ուղղությամբ։

«Մենք կշարունակենք խթանել հակամարտության կայուն և համակողմանի կարգավորումը, այդ թվում՝ հնարավորության դեպքում իրականացնելով կայունացմանը, հետ-պատերազմական վերականգնմանը և վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև վերահաստատում ենք մեր կոչը Հայաստանին և Ադրբեջանին՝ վերստին ներգրավվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո առարկայական բանակցություններում»,- հայտարարել է ԵՄ բարձր ներկայացուցիչը։

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում