ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Ղարաբաղում հրադադարի մասին հաղորդագրությունները

Եվրամիությունն ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին հաղորդագրությունները և ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը։ Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին ծառայության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն։

«Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը կդադարեցնի ռազմական գործողությունները: Հրատապ է` վերադառնալ առարկայական, ազնիվ ու անկեղծ երկխոսության Բաքվի և Ղարաբաղի հայության միջև»,- ասել է նա։

Ըստ Ստանոյի՝ կարևոր է, որ Բաքուն մարտերը չօգտագործի որպես պատրվակ Լեռնային Ղարաբաղից հայերի հարկադիր դուրսբերման համար։ «ԵՄ-ն ուշադիր հետևում է իրավիճակին, և անդամ երկրները իրավիճակի զարգացման համատեքստում կորոշեն հաջորդ քայլերը»,- հավելել է նա:

Պիտեր Ստանոն, սակայն, չի մեկնաբանել Եվրախորհրդարանի որոշ պատգամավորների կոչը՝ Լեռնային Ղարաբաղում իրադրության սրման ֆոնին Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ։ «Պատժամիջոցների կիրառումը ԵՄ երկրների իրավասությունների շրջանակում է»,- ասել է եվրոպացի դիվանագետը:

Related posts

Գլխավոր դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյա Հայկազ Մկրտչյանից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ

Հարկ վճարելու նկատմամբ մեր վերաբերմունքը պետք է ֆունդամենտալ ձևով փոխվի. Փաշինյան

ՀՀ քաղաքացիների երջանկությունը պետբյուջեի ծախսային հոդվածների որոշակի ուղղություն է և տրամաբանություն. վարչապետ