Եթե Կովկասը վերածվի Սիրիայի, ապա Աստված պահապան բոլորին. ՀՀ նախագահի մեկնաբանությունը CNN-ին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ամերիկյան հեղինակավոր CNN հեռուստաընկերության հետ զրույցում նշել է, որ, եթե միջազգային հանրությունը չկանգնեցնի Թուրքիային, ապա Կովկասը կարող է վերածվել նոր Սիրիայի: Սարգսյանն ընդգծել է, որ այս մասին հայտնել է տարբեր երկրների նախագահների ու վարչապետների հետ իր զրույցներում:

«Ես այս մասին խոսել եմ տարբեր երկրների բազմաթիվ նախագահների ու վարչապետների հետ: Խնդրել եմ նրանց միջամտել և ճնշումներ գործադրել Թուրքիայի վրա` կանգնեցնելու տարածաշրջանում Թուրքիայի միջամտությունը, քանի որ այդ երկրի միջամտությունը հակամարտությունը բարձրացնում է այլ մակարդակի իր մասշտաբներով և կարող է Կովկասը նոր Սիրիա դարձնել»,- ասել է Սարգսյանը:

Նախագահը նշել է, որ եթե Կովկասը վերածվի նոր Սիրիայի, ապա դա կանդրադառնա նաև Եվրոպայի և այլ տարածաշրջանների վրա:

«Եթե Կովկասը վերածվի Սիրիայի, ապա Աստված պահապան բոլորին, Աստված պահապան Եվրոպային, Աստված պահապան Կենտրոնական Ասիային: Դա կազդի բոլորի վրա, ներառյալ՝ Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը: Եթե Թուրքիան զսպվի Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի օգնությամբ, այդ դեպքում մենք հնարավորություն կունենանք զինադադարի և բանակցությունների սեղան վերադառնալու, որովհետև այս հակամարտությունը չունի ռազմական լուծում, կարող է լինել միայն խաղաղ, դիվանագիտական լուծում»,- նշել է նախագահը:

 

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ