ԵԱՏՄ-ի և ՌԴ շուկայի հետ կապված ներկայիս իրավիճակը ես հնարավորություն եմ համարում. Փաշինյան

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «2026 թվականին Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծարանների կայուն արտադրական գործունեության ապահովման պետական աջակցության տրամադրման միջոցառումը հաստատելու մասին» որոշման նախագծին։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ նախագծով նախատեսվում է աջակցություն տրամադրել Արարատի և Արմավիրի մարզերում գտնվող արդյունաբերական ձկնաբուծական 135 տնտեսությունների, որոնք զբաղվում են իշխանի և թառափի բուծմամբ, ինչպես նաև բեղմնավորված ձկնկիթի ու խավիարի արտադրությամբ և միաժամանակ հանդիսանում են ԱԱՀ վճարողներ։

«Աջակցությունը տրամադրվելու է միանվագ փոխհատուցման ձևով՝ հետևյալ բանաձևով. 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ձեռք բերված ձկան կերի մեկ ամսվա միջին արժեքի 20 տոկոսի չափով, ընդ որում՝ մեկ կիլոգրամի համար հաշվարկային արժեք է ընդունվել 900 դրամը։

Այս ծրագրի անհրաժեշտությունը պայմանավորված է ձկան և ձկնամթերքի արտահանման սահմանափակումների հետևանքով ձկնարդյունաբերողների մոտ առաջացած ֆինանսական դժվարություններով։ Նպատակն է մեղմել այդ դժվարությունները, որպեսզի նրանք, մի կողմից, ինքնարժեքի նվազեցման շնորհիվ հնարավորություն ունենան ներքին շուկայում գներն իջեցնել և ավելացնել սպառումը, իսկ մյուս կողմից՝ ինքնարժեքի նվազեցմամբ կարողանան նոր արտաքին շուկաներ գտնել և մուտք գործել։

Ծրագրի շրջանակում կարևոր պայման է նաև այն, որ կերը պետք է պարտադիր լինի սերտիֆիկացված և համապատասխանի ինչպես ԵԱՏՄ-ի, այնպես էլ ԵՄ-ի ստանդարտներին»,- ասաց Պապոյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ շատ կարևոր նախագիծ է, և լավ է, որ այս իրավիճակում աջակցում են մեր տնտեսության տարբեր ճյուղերին։ Բայց կարծում եմ, որ սա լավ առիթ է նաև ոլորտներին վերաբերող բովանդակային հարցերին անդրադառնալու համար։

«Ես ուզում եմ ևս մեկ անգամ մեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ արդեն երկար ժամանակ մեր տնտեսությանը հղում ենք նույն ուղերձը՝ տնտեսական կապերը պետք է դիվերսիֆիկացվեն։ Սակայն դիվերսիֆիկացիա, ըստ էության, տեղի չի ունեցել, թեև Կառավարությունը դրա համար լայն գործիքակազմ է տրամադրել։ Պատճառն այն է, որ դիվերսիֆիկացիայի ճանապարհով գնալը նշանակում է բարձրացնել արդյունավետությունը, արտադրողականությունը և ստանդարտները։

Նույն ձկնաբուծության ոլորտի հետ կապված ես խնդրել էի ՊԵԿ-ին ներկայացնել, թե ոլորտը որքան հարկ է գեներացնում։ Պարզվեց, որ ձկնարդյունաբերության տարեկան հարկային մուտքերը կազմում են ընդամենը 2.5-3 մլրդ դրամ։ Իսկ եթե հետահայաց նայենք, թե այս ընթացքում ինչ է տեղի ունեցել անգին ռեսուրս հանդիսացող արտեզյան ջրավազանի հետ, և կշեռքի մի նժարին դնենք դա, մյուսին՝ հարկային մուտքերը, ապա կտեսնենք սարսափելի պատկեր, թե ինչպես ենք մենք ինքներս մեզ հյուծում, սպառում։

Ուզում եմ հիշեցնել, որ նախորդ կամ դրա նախորդ տարի մենք որոշում կայացրինք ջրի օգտագործման փակ ցիկլի ներդրման վերաբերյալ։ Մեր հարգելի ձկնարտադրողները ցույցեր արեցին, սակայն Կառավարությունը չնահանջեց և պահպանեց իր որոշումը։ Այնուհետև ձկնարտադրողները դիմեցին դատարան, և դատարանը չեղարկեց այդ որոշումը։ Այսինքն՝ այն որոշումը, որով նախատեսվում էր սահմանափակել արտեզյան ջրերի օգտագործումը, փաստորեն չեղարկվեց։ Ստացվեց, որ կարող ենք շարունակել արտեզյան ջուրը հանել և դրենաժային ջրերի տեսքով դուրս ուղարկել Հայաստանի Հանրապետությունից։

Շատ լավ է, որ աջակցում ենք, բայց ես հարց ունեմ՝ ինչո՞ւ է ոլորտի տարեկան հարկային եկամուտը ընդամենը 2.5-3 մլրդ դրամ։ Այս հարցը պետք է պատասխան ստանա։ Ինչպե՞ս է հնարավոր, որ տնտեսության այսքան քննարկվող ճյուղի հարկային արժեքը տարեկան ընդամենը 2.5 մլրդ դրամ է։ Կամ այստեղ ահռելի ստվեր կա, և մենք պետք է գնանք այդ ստվերի հետևից։ Մենք պետք է հասկանանք, թե որքան ջուր ենք վատնում և որքան ձուկ ենք արտահանում։

Ես այս դահլիճում տասնյակ անգամներ խոսել եմ ստանդարտների մասին։ Էլ չեմ ասում արտադրանքի որակի հետ կապված խնդիրների մասին։ Որքանո՞վ են դրանք համապատասխանում որակի ստանդարտներին։

Իմ անձնական փորձն ասեմ. վաղուց այլևս չեմ օգտագործում աճեցված ձուկ, որովհետև ինձ համար ակնհայտ է, որ այստեղ խնդիր կա։ Երբեմն ձուկը պարզապես անբնական է թվում․ տեսնում ես, որ ճարպը հոսում է վրայից, ինչը տարօրինակ և անտրամաբանական է։

Սրանք հարցեր են, որոնց պետք է անդրադառնանք։ Հայաստանի ներսում սննդի որակի հետ կապված խնդիրներին պետք է լրջորեն անդրադառնանք։ Մենք պետք է հասկանանք՝ որքանով է անհրաժեշտ աջակցել ձկնարդյունաբերությանը, և այդքանով աջակցենք։ Բայց պետք է համոզված լինենք, որ նույն կետում չենք մնում, որովհետև աջակցությունը կա՛մ կարող է լինել պահպանողական միջոց, կա՛մ կարող է դառնալ առաջընթացի ճանապարհ։ Պետք է համոզվենք, որ Ա կետից շարժվում ենք դեպի Բ կետ։

Նույնը վերաբերում է նաև գյուղատնտեսությանը։ Հայաստանում կա այսպես կոչված ոչ նորմատիվային հող հասկացություն։ Այդ հողերը սովորականից ավելի շատ ջուր են պահանջում վեգետացիան ապահովելու համար։ Եթե այդպիսի հողերում ամենացածրարժեք մշակաբույսերն ենք աճեցնում, հարց է առաջանում՝ արդյոք ճիշտ է 1000 դրամի ջուր ծախսել, որպեսզի ստանանք ընդամենը 1050 դրամի արտադրանք։ Մենք ասում ենք՝ այդ հողերում պետք է աճեցնել ոչ թե ցածրարժեք, այլ բարձրարժեք գյուղատնտեսական մշակաբույսեր»,- նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի շուկաների հետ կապված ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ այն պետք է դիտարկել ոչ թե որպես ճգնաժամ, այլ որպես հնարավորություն՝ տնտեսության զարգացման և ոլորտների մրցունակության բարձրացման համար։

«Գիտեմ, որ ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի շուկայի հետ կապված ներկայիս իրավիճակը շատերը ճգնաժամ են համարում։ Ես դա հնարավորություն եմ համարում, որովհետև այլևս չեն կարող գալ և ասել՝ «լավ, էլի»։ 2018 թվականից ի վեր այդ խոսքն արդեն տասնյակ անգամներ լսել ենք։

Աջակցենք այնքան, որքան անհրաժեշտ է։ Փառք Աստծո, այսօր ունենք այդ հնարավորությունը։ Բայց ես կտրականապես դեմ եմ, որ աջակցենք այն ուղղություններին, որոնք չեն տանում զարգացման։ Ես երկխոսության եմ հրավիրում։ Եկեք խոսենք, եկեք հասկանանք։ Եթե Կառավարության մոտ գալիս են ցույց անում, մենք էլ կարող ենք գնալ իրենց մոտ, տեսնել, թե ինչպես են աշխատում։ Սա վերաբերում է բոլոր ոլորտներին»,- ասաց վարչապետը։

Related posts

Վարչապետը հրաժեշտ տվեց Կառավարությունում իրենց աշխատանքն ավարտող պաշտոնյաներին

Թուրքիայի Անթալիա և Մուղլա նահանգներում մոլեգնում են անտառային հրդեհները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ