Դրամական խրախուսում մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին

Կառավարությունը հաստատել է Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին, այդ թվում՝ ինքնազբաղ կամ անկախ ստեղծագործողներին դրամական խրախուսում տրամադրելու (վճարելու) կարգը չափերը:

Ըստ հիմնավորման՝ դրամական խրախուսման սահմանումը միտված է արժևորելու մշակույթի և ստեղծարար ոլորտի ձեռքբերումները, բարձրացնելու գեղարվեստական և մշակութային արդյունքի ճանաչելիությունը, նպաստելու մշակույթի գործիչների համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, մշակույթի ոլորտներում պետական խրախուսման մեխանիզմների ներդրմանը։

Միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների թվին են դասվում այն փառատոները, մրցույթներն ու մրցանակաբաշխությունները, որոնք ցանկը հաստատվում է ոլորտային միջազգային կազմակերպությունների ՝ ինչպես օրինակ, Թատերարվեստի համաշխարհային կազմակերպությունը, Եվրոպական փառատոնային ասոցիացիա, Կինոպրոդյուսերների միջազգային ֆեդերացիայի և այլոց կողմից։ Միջազգային հեղինակավոր մրցույթները, փառատոները պետք է պարտադիր համապատասխանեն հետևյալ չափորոշիչներին. միջազգային ձևաչափ, պարբերական անցկացում, միջազգային ժյուրի և պետական աջակցություն։

Դրամական խրախուսում տրամադրվելու է ՀՀ քաղաքացի հանդիսացող մշակույթի ոլորտի այն գործիչներին, ովքեր որպես ՀՀ ներկայացուցիչ մասնակցել են միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխություններին և արժանացել են մրցանակի: Դրամական խրախուսման վճարումն իրականացվելու է ամսական պարբերականությամբ, մեկ տարի ժամկետով:

Միևնույն անձը մեկից ավելի արդյունք ունենալու դեպքում վճարվելու է դրանցից յուրաքանչյուրի համար։ Ոչ անհատական (խմբային) արդյունքի դեպքում գումարի չափը բաշխվում է խմբի անդամների միջև հավասարաչափ, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ հատկացվում է տվյալ իրավաբանական անձին, որի գործադիր մարմնի որոշմամբ իրականացվում է դրամական խրախուսման բաշխումը։ Եթե տվյալ գործադիր մարմնի իրավասության ներքո գործում են մի քանի ստեղծագործական խմբեր, ապա դրամական խրախուսումը տրվում է այն ստեղծագործական խմբին, որն արժանացել է մրցանակի:

Դրամական խրախուսման չափերը սահմանելիս հիմք է հանդիսացել սպորտի ոլորտում բարձր նվաճումներ ունեցող մարզիկների խրախուսման գործող կարգը։ Այս համադրության մեջ ամսական 660 հազար դրամ գումարը հավասարեցվել է Օլիմպիական մրցանակի։

Արդյունքում կկարևորվի մշակույթի գործիչների դերը հայ մշակույթի հանրահռչակման գործում, մշակույթի գործիչների և ինքնազբաղ արվեստագետների համար կձևավորվի բարենպաստ ստեղծագործական միջավայր, որը կնպաստի ազգային ավանդական մշակույթի պահպանմանը, կխթանի ժամանակակից և նորարարական արվեստի ու ստեղծարար ոլորտի զարգացումը, ինչպես նաև կնպաստի արտերկրում հայ մշակույթի հանրահռչակմանն ու դիրքավորմանը:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ