Գոռ Այվազյանը՝ բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի չեմպիոն

54 կգ քաշային բռնցքամարտիկ Գոռ Այվազյանը, որը ներկայացնում է Վրաստանը, Երևանում ավարտին մոտեցող Եվրոպայի երիտասարդների առաջնությունում նվաճել է հաղթողի տիտղոսը:

Եզրափակչում Գոռն ուժերն է չափել Ռուսաստանի ներկայացուցիչ Ռասուլ Մագոմեդովի հետ և 5:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել:

Մենամարտից հետո ArmSport-ի հետ զրույցում երիտասարդ բռնցքամարտիկը նշել է՝ հայրենիքում չեմպիոնությունը նվաճելը մեծ նշանակություն ունի իր համար.

«Հիանալի զգացողություններ ունեմ: Շատ ուրախ եմ, որ հաղթողի կարգավիճակում եմ վերադառնում տուն: Իհարկե, որպես հայ սա է իմ տունը, բայց ներկայացնում եմ Վրաստանն ու մեծ աջակցություն եմ ստանում հենց Ջավախքի իմ հայրենակիցներից: Պարտավորություն ունեի կատարելու իմ երկրպագուների նպատակն ու չեմպիոն դառնալ: Փառք Աստծո՝ կարողացա իմ հայրենիքում նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը»,- ասել է Գոռը, որը երկրորդ տարին անընդմեջ է դառնում երիտասարդների Եվրոպայի առաջնության հաղթող:

Բռնցքամարտիկի խոսքով՝ այս տարվա չեմպիոնությունն իր համար առանձնացավ հենց այն հանգամանքով, որ այն նվաճեց իր հայրենիքում:

Գոռ Այվազյանը նշել է՝ հաջորդ տարի սկսելու է մենամարտել արդեն մեծահասակների պայքարում. Նպատակն արդեն մեծերի մեջ Եվրոպայի, աշխարհի և ինչու ոչ նաև Օլիմպիական խաղերի մեդալակիր դառնալն է:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ