Գինեգործական ընկերությունում բացահայտվել է հարկերից խուսափելու և փողերի լվացման դեպք. երեք անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են՝ «ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններով, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ գինու արտադրությամբ և կոնյակի վաճառքով զբաղվող «Շ…» ընկերության գլխավոր տնօրեն Ս.Շ.-ն, ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարող անձի՝ Հ.Շ.-ի և գլխավոր հաշվապահի՝ Մ.Ա.-ի հետ նախնական համաձայնությամբ, միասնական դիտավորությամբ, առանձնապես խոշոր չափերով՝ 88.190.429 ՀՀ դրամ հարկ չվճարելու նպատակով հարկային մարմին ներկայացված հաշվարկում մտցրել է խեղաթյուրված տվյալներ, ինչպես նաև նպատակ ունենալով թաքցնել հանցավոր ճանապարհով ստացված գույքի ծագումը՝ իրականացրել է փողերի լվացում:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ Ս.Շ.-ի, Հ.Շ.-ի և Մ.Ա.-ի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, հանրային քրեական հետապնդում հարուցելու համար, որոնք բավարարվել են:
Նշված անձինք ձերբակալվել են։
Նույն օրը կատարվել են խուզարկություններ ընկերության գործունեության և մեղադրյալների բնակության հասցեներում, որոնց ընթացքում հայտնաբերվել են ընկերության գործունեությանը վերաբերող տվյալներ պարունակող էլեկտրոնային շտեմարան (սերվեր), համակարգիչներ և փաստաթղթեր:
Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է ՔԿ տարածած հաղորդագրությունում:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում