Գերմանիայի արտգործնախարարը Վրաստանի իշխանությունների հետ քննարկել է Թբիլիսիի եվրաինտեգրման գործընթացը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը, որը պաշտոնական այցով Թբիլիսի է ժամանել, հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու, արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլու հետ:

Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ղարիբաշվիլին ու Բերբոքը քննարկել են երկկողմ համագործակցությունը, եվրաինտեգրման ճանապարհին Վրաստանի ունեցած առաջընթացը և ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ Եվրահանձնաժողովի հանձնարարականների կատարման դինամիկան: Ընդգծվել է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը։ Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանում և աշխարհում անվտանգության միջավայրին և առկա մարտահրավերներին:

Եվրաինտեգրման գործընթացը քննարկվել է նաև Բերբոքի և Զուրաբիշվիլու հանդիպմանը: Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Թբիլիսի է այցելել, քանի որ ցանկանում է Վրաստանին տեսնել Եվրամիության կազմում: Զուրաբիշվիլին իր հերթին ընդգծել է. Վրաստանի բնակչությունը չի հասկանա ԵՄ թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ երկրորդ մերժումը և նման բարդ իրավիճակում իրեն Եվրոպայից լքված կհամարի։

Վրացի գործընկեր Իլյա Դարչիաշվիլու հետ համատեղ ճեպազրույցում Բերբոքը Վրաստանի ղեկավարությանը խորհուրդ է տվել սկսել անհրաժեշտ բարեփոխումները Եվրամիությանն ինտեգրվելու և ներքաղաքական բևեռացումը հաղթահարելու ճանապարհին։ «Վրաստանը չի կարող դառնալ Եվրամիության անդամ առանց քաղաքացիական հասարակության»,- ​​նշել է գերմանացի նախարարը և հավելել, որ Բեռլինը ցանկանում է նպաստել հարցի լուծմանը։ Բերբոքի խոսքով՝ եթե Վրաստանը ցանկանում է դառնալ Եվրամիության անդամ, պետք է ներգրավվի ԵՄ անվտանգության քաղաքականության մեջ և աջակցի դրան։

Գերմանիայի ԱԳ նախարարը դեսպանի նստավայրում հանդիպել է նաև Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա են եղել «Ազգային շարժում», «Լելո», «Կուսակցություն հանուն Վրաստանի», «Ստրատեգիա Աղմաշենեբելի» քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։

Բացի դրանից՝ Բերբոքը հանդիպել է վրացական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Անդրադարձ է եղել Թբիլիսիում մարտի 7-9-ի բողոքի ցույցերին և օտարերկրյա գործակալների մասին օրինագծերին:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ