Գեղարքունիքում 3 տղամարդ բռնություն է գործադրել պարեկների նկատմամբ. նրանցից 2-ը կալանավորվել են

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ նույն մարզում ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2023 թվականի մարտի 24-ին ՊԾ Գեղարքունիքի մարզի ավագ պարեկի կողմից ներկայացված զեկուցագրի համաձայն՝ Ծովակ գյուղից մինչև Կարճաղբյուր գյուղ ընկած ճանապարհահատվածում ծառայություն իրականացնող պարեկները նույն օրը՝ ժամը 21:15-ի սահմաններում, նկատել են կայանված «ՎԱԶ 2114» մակնիշի ավտոմեքենա: Ելնելով կայանված դիրքից՝ վերջիններս, կարծելով թե օգնության կարիք կա, մոտեցել են նշված ավտոմեքենային, որից իջել են երեք անձինք:

Նրանցից մեկը՝ Գեղարքունիքի մարզի 29-ամյա բնակիչը, սկսել է հայհոյել պարեկային ծառայողներին, որից հետո վերջիններիս են մոտեցել նաև նույն մարզի 30 և 31-ամյա բնակիչները և նույնպես սկսել են հայհոյել: Այդ ընթացքում 31-ամյա տղամարդը քաշքշել ու հարվածել է պարեկներին, ինչպես նաև պոկել է նրանցից մեկին ամրակցված տեսախցիկը և փորձել պոկել մյուս ծառայակիցների տեսախցիկները։ Իսկ 29-ամյա տղամարդը ոտքով հարվածել է պարեկային ծառայության ավտոմեքենայի աջ հատվածին՝ վնասելով այն: Նշված գործողությունների ընթացքում պատռվել է պարեկներից մեկի հագին եղած ծառայողական լուսարձակող բաճկոնը:

Վերջիններիս կողմից կիրառվել է արցունքաբեր գազ, ֆիզիկական ուժ։ 30 և 31-ամյա տղամարդիկ հանցանք կատարելու մեջ հիմնավոր կասկածանքի հիմքով ձերբակալվել են, իսկ 29-ամյա տղամարդը, ում ձեռքին եղել է մահակ, դիմել է փախուստի:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում հիշյալ պարեկները տուժող են ճանաչվել և հարցաքննվել։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ նշված երկու անձանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է, և նրանց ներկայացվել է մեղադրանք։

Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, որոնք ևս բավարարվել են։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, 29-ամյա տղամարդուն հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու, ինչպես նաև նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հարցը լուծելու ուղղությամբ:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում