Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում մոտ 200 միլիոն դրամի չարաշահումներ. ովքե՞ր են մեղադրյալի կարգավիճակ ստացած 2 պաշտոնյաները

Ինչպես Iravaban.net-ը ավելի վաղ տեղեկացրել էր, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում բացահայտվել են խոշոր չարաշահումներ։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին Iravaban.net-ին, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի երկու պաշտոնյաների մեղադրանքներ են ներկայացվել իշխանական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության համար։

Iravaban.net-ի ճշտված տեղեկությունների համաձայն մեղադրյալներից մեկը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գլխավոր քարտուղար Լևոն Ֆարմանյանն է, իսկ մյուսը՝ Կոմիտեի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման բաժնի պետ՝ գլխավոր հաշվապահ Տիգրան Գալստյանը։ Չարաշահումների ընդհանուր չափը կազմում է մոտ 200 միլիոն դրամ։ Երկու պաշտոնյաների նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ կիրառվել են գրավը, բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը։

Iravaban.net-ը ներկայացնում է մեղադրյալի կարգավիճակում գտնվող պաշտոնյանների հակիրճ կենսագրությունները.

Լևոն Ֆարմանյան

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գլխավոր քարտուղար։

Ծննդյան տարեթիվը՝ 1980 թվականի նոյեմբերի 22, Երևան։

1997-2003 թվականներին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ միջազգային հարաբերությունների մագիստրոսի որակավորմամբ։

2003-2009 թվականներին սովորել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրայում։

2021 թվականի սեպտեմբերի 17-ից զբաղեցնում է Կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնը։

2019-2021 թվականներին, աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարության միջազգային համագործակցության վարչության Եվրասիական տնտեսական միության և ԵՏՄ անդամ-պետությունների հետ համագործակցության բաժնի պետի պաշտոնում։

Ամուսնացած է, ունի երկու դուստր։

Տիգրան Գալստյան

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման բաժնի պետ՝ գլխավոր հաշվապահ

Ծննդյան տարեթիվը՝ 1973 թվականի հոկտեմբերի 14, Երևան։

1990-1995 թվականներին ավարտել է Երևանի տնտեսության ինստիտուտը՝ հաշվապահական հաշվառում և տնտեսական գործունեության վերլուծություն մասնագիտությամբ։

Ունի ՀՀ քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան։

2023 թվականից առ այսօր աշխատել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գլխավոր հաշվապահի պաշտոնում։

2008-2023 թվականներին՝ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման բաժնի պետ։

Ամուսնացած է, ունի չորս երեխա։

Քրեական վարույթի ընթացքը

Գործը քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում և գտնվում է նախաքննության փուլում։ Հակակոռուպցիոն կոմիտեն դեռևս չի հայտնել գործի վերաբերյալ այլ մանրամասներ, այդ թվում՝ չարաշահումների կոնկրետ հոդվածները, ժամանակահատվածը և մեխանիզմները, – տեղեկացնում էIravaban.net-ը։

Iravaban.net–ի ճշտված տեղեկությունների համաձայն ներկայումս Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարում է Կոմիտեի նախագահի տեղակալ Արտուր Մովսիսյանը։

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը չի ապացուցվել օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ