Արցախցի 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն, Շուշի-Քարին տակ հատվածում «էկոակտիվիստ» ադրբեջանցիները տեսախցիկներով ներխուժել են մեքենա․ ԱՀ ՄԻՊ

Շրջափակման պատճառով ավելի քանի մեկ ամիս ծնողական խնամքից և ընտանիքից կտրված 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։

Ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը․

«Երեխաները Գորիսից Ստեփանակերտ են տեղափոխվել ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ։

Շուշի-Քարին տակ հատվածում՝ ճանապարհի շրջափակված մասում, որտեղ տեղակայված են «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները և նրանց սպասարկող լրագրողները, մեքենան կանգնեցվել է ադրբեջանցիների կողմից։ Այնուհետև, մեքենային են մոտեցել քաղաքացիական հագուստով դեմքերը փակած 10-15 ադրբեջանցիներ՝ տեսախցիկներով, նրանցից ոմանք ներխուժել են մեքենա և նկարահանել մեքենայում գտնվող երեխաներին։

Ադրբեջանցիների սադրիչ գործողությունների հետևանքով մեքենայում իրարացում է առաջացել, որի հետևանքով երեխաներից մեկը ուշաթափվել է։

Ռուս խաղաղապահների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում նրանք հեռացվել են մեքենայից, մեքենան շարունակել է ընթացքը։

Այնուհետև, ճանապարհի շրջափակված հատվածով անցնելիս, ադրբեջանցիները ցուցադրաբար բղավոցներ են հնչեցրել երեխաներին տեղափոխող մեքենաների ուղղությամբ։

Ադրբեջանի կառավարության գործակալների այս լկտի պահվածքը երեխաների անձնական կյանքի կամայական և ապօրինի միջամտություն է, նրանց հոգեբանական անձեռնմխելիության, պատվի և հեղինակության նկատմամբ ապօրինի ոտնձգության: Այս հանցավոր գործողությունները ամբողջությամբ բացահայտում է նրանց իրական նպատակներն ու ցանկությունները։

Ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ էթնիկ ատելությունը չի ճանաչում սահմաններ՝ թիրախավորելով անգամ անչափահաս երեխաներին։

Այս սադրիչ և հանցավոր գործողությունը ևս մեկ անգամ ապացուցում է ճանապարհի արգելափակված լինելու փաստը և դրանով անվտանգ երթևեկելու անհնարինությունը՝ անգամ ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ»,-գրել է Ստեփանյանը։

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ