Արցախի բոլոր բնակավայրերում շուրջօրյա էլեկտրամատակարարումը վերականգնված է

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ Արցախի բոլոր բնակավայրերում վերականգնված է շուրջօրյա էլեկտրամատակարարումը:

«Մարտունու շրջանի Բերդաշենի ենթաշրջանում ևս ավարտվեցին Էլեկտրաէներգիայի կանոնավոր մատակարարման ապահովմանն ուղղված աշխատանքները: Այսպիսով կարող ենք փաստել, որ Հանրապետության բոլոր բնակավայրերում արդեն ընդհանուր առմամբ վերականգնված է շուրջօրյա էլեկտրամատակարարումը, և մնացել է վերջնականորեն կարգավորել համապատասխան հզորության ապահովման խնդիրը: Ամբողջությամբ վերականգնված է նաև գազամատակարարումը, իսկ կապի ու հեռահաղորդակցության բնագավառում դեռևս զգալի աշխատանքներ կան կատարելու:

Պատերազմական գործողությունների հետևանքով ոչնչացվել կամ վնասվել էին Արցախի էլեկտրամատակարարման գրեթե բոլոր ենթակայաններն ու ցանցի բազմաթիվ հատվածներ: Այդուհանդերձ, շնորհիվ համակարգի աշխատակիցների նվիրված ու արհեստավարժ աշխատանքի՝ անգամ պատերազմական թեժ պայմաններում հնարավոր է դարձել երաշխավորել կայուն էլեկտրամատակարարում բնակավայրերի հիմնական մասում: Մենք խորապես երախտապարտ ենք ենթակառուցվածքային համակարգերի բոլոր այն աշխատակիցներին, որոնք, անտեսելով բոլոր վտանգներն ու դժվարությունները, նաև իրենց կյանքի գնով ապահովել են կենսական պայմաններն Արցախում»,- տեղեկացրել է Արցախի նախագահը:

Related posts

24 դատական հայցերից մինչև քաղաքական բոյկոտ. կայացավ Գյումրու ավագանու արտահերթ նիստը

Ռուսաստանն ու Ադրբեջանը միմյանց բողոքի նոտա են հղել

Այսօրվանից բնակարանային ապահովման ծրագրից օգտվելու համար կարող են դիմել միջոցառման պայմաններին բավարարող՝ ԼՂ-ից տեղահանված բոլոր ընտանիքները. ԱՍՀՆ