Արմեն Սարգսյանը նամակներ է հղել սփյուռքի հայկական կազմակերպությունների ղեկավարներին՝ երախտագիտություն հայտնելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած ավանդի համար

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակներ է հղել սփյուռքի հայկական կազմակերպությունների ղեկավարներին՝ ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին, Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին, Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանին և համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին՝ երախտագիտություն հայտնելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած ավանդի համար: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:

ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ, ՀՅԴ բյուրոյի Ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին ուղղված նամակում նախագահ Սարգսյանը մասնավորապես ընդգծել է, որ նրանց տարիների ջանադիր գործունեությունն իր ծանրակշիռ նպաստն է ունեցել նաև 2019 թվականին ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատների կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման մեջ, որը կարևոր հանգրվան էր Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում. «Այն հետևողական աշխատանքը, որ ՀՅԴ-ն կատարում է Սփյուռքում և հատկապես ԱՄՆ-ում ազգապահպանության ու համազգային նպատակների իրա­կա­նացման ուղղությամբ, արժանի է մեծագույն հարգանքի և գնահատականի: Վստահ եմ, որ այսուհետ ևս շարունակելու եք առաջնորդվել համազգային շահով և արդարությունը վերջնական հանգրվանին հասցնելու դժվարին առաքելության խորին գիտակցումով»:

Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին ուղղված նամակում նախագահ Սարգսյանը մասնավորապես բարձր է գնահատել միության հայրենանվեր և ազգանպաստ գործունեությունը. «Հավատարիմ ՀԲԸՄ հիմնադիրների ավանդին, որոնք Մեծ եղեռնի առաջին իսկ օրերին իրենց ողջ ուժն ու կարողությունն ուղղեցին կոտորածներից ու հալածանքներից փրկվածների օգնության գործին, ՀԲԸՄ-ն մշտապես թիկունք է կանգնել համազգային նպատակների իրականացմանը թե՛ Հայաստանում ու Արցախում և թե՛ ողջ աշխարհում, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Դուք մշտապես վառ եք պահում հայապահպանության ու հայ ինքնության կրակը, ինչը վկայում է, որ ՀԲԸՄ-ն հաստատուն է իր նպատակներում և հավատարիմ է սկզբունքներին»:

Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանին և համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին ուղղված նամակներում նախագահ Սարգսյանը մասնավորապես բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի՝ ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված աշխատանքը. «Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր իրենց նվիրումով, ջանքերով նպաստել են արդարության վերականգնմանը: Ամերիկայի հայկական համագումարը հրաշալի աշխատանք է կատարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում: Երբ մենք համախմբում ենք մեր ջանքերն ու մեր տեսլականը վերածում իրական գործողությունների, արդյունքը միշտ տեսանելի է լինում»:

Related posts

«Եթե այս ժողովուրդը չլիներ ես ոչինչ անել չէի կարող». Դոնարա Հարությունյանի 93 պատվաբեր տարիները

Իրանական ծագման որոշ ապրանքներ Հայաստան կներմուծվեն առանց մաքսատուրքի

Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն սոցիալական աջակցություն ստանալ