Արարատ Միրզոյանը և Շվեդիայի ԵՄ հարցերով նախարարը պայմանավորվել են դիտարկել ՀՀ-ԵՄ փոխգործակցությունը խթանող նախաձեռնությունները

Նոյեմբերի 12-ին Ստոկհոլմում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի ԵՄ հարցերով նախարար Յեսսիկա Ռոզենկրանցի հետ։

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ արձանագրված առաջընթացը, որն արտացոլվել է համագործակցության տարբեր ոլորտներում և ներկայումս բանակցվող Գործընկերության նոր օրակարգի նախագծում։

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է վարչապետ Փաշինյանի կողմից Եվրոպական խորհրդարանում արված հայտարարությունն առ այն, որ ՀՀ-ն պատրաստ է մոտենալ ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն հնարավոր կհամարի։ Նախարար Միրզոյանը զրուցակցին տեղեկացրել է նաև Հայաստանի հասարակության շրջանում ԵՄ հետ գործընկերության խորացման շուրջ ակտիվ քննարկումների մասին։ Հայաստանի և Շվեդիայի նախարարները պայմանավորվել են դիտարկել երկու երկրների միջև փոխգործակցության նոր հնարավորություններ, նախաձեռնություններ, որոնք կարող են լրացուցիչ խթանել ՀՀ-ԵՄ փոխգործակցությունը տարբեր ուղղություններով։

Տարածաշրջանային անվտանգային զարգացումների համատեքստում նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում հիմնական զարգացումները։

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան