Ավստրալիայում մինչև 16 տարեկան երեխաներին արգելել են օգտվել սոցցանցերից

Ավստրալիայի կառավարությունը պահանջել է, որ դեկտեմբերի 10-ից սոցցանցերը «խելամիտ միջոցներ» ձեռնարկեն և մինչև 16 տարեկան ավստրալացի դեռահասների համար անհնարին դարձնեն իրենց հարթակների հասանելիությունը: Արդեն գոյություն ունեցող օգտահաշիվները պետք է ապաակտիվացվեն կամ ջնջվեն:

Ավստրալիան աշխարհում առաջին երկիրն է, որը նման արգելք է սահմանում, և որոշումը պաշտպանում են բազմաթիվ ծնողներ: Կառավարությունը պնդում է, որ սոցիալական ցանցերում երեխաները ենթարկվում են ռիսկերի ու բացասական ազդեցությունների:

Այս տարվա սկզբին կառավարության պատվիրած ուսումնասիրությունից պարզվել է, որ 10-15 տարեկան երեխաների 96%-ը օգտագործում է սոցիալական ցանցեր, 10-ից 7-ը հանդիպել են վնասակար բովանդակության նյութերի, որոնք ներառում են կանանց նկատմամբ ատելություն, սննդային խանգարումներ և ինքնասպանության քարոզ, ինչպես նաև կռիվների տեսանյութեր:

7 երեխայից մեկը հայտնել է մեծահասակների կամ ավելի մեծ դեռահասների կողմից սեռական ոտնձգության փորձերի մասին, կեսից ավելին ասել է, որ ինքը կիբեռհարձակման զոհ է եղել:

Ավստրալիայի կառավարությունն առայժմ նշել է արգելքի ենթակա տասը հարթակ՝ Facebook, Instagram, Snapchat, Threads, TikTok, X, YouTube, Reddit, ինչպես նաև Kick ու Twitch սթրիմինգային ծառայությունները:

Related posts

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել

ԱՄԷ նախագահը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով և մաղթել բարգավաճում

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան