Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել, որի համաձայն, սնանկության գործերի վարման համար նախատեսված էլեկտրոնային համակարգը արդեն գործարկվել է՝ e-bankruptcy.am հարթակում։ Համակարգի գործարկմամբ պայմանավորված օրենսդրական փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2026 թվականի ապրիլի 27-ից։
Հայտարարության համաձայն՝ նշված օրվանից սկսած սնանկության գործերով դատարան ներկայացվող բոլոր նոր դատավարական փաստաթղթերը պետք է կազմվեն և ներկայացվեն բացառապես էլեկտրոնային համակարգի միջոցով։ Խոսքը վերաբերում է դիմումներին, հայցադիմումներին, բողոքներին, միջնորդություններին և այլ փաստաթղթերին։
Նոր կարգավորումը պարտադիր է իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, փաստաբանների, սնանկության գործով կառավարիչների, նոտարների և արտոնագրված հաշտարարների համար։ Այն նաև վերաբերում է այն ֆիզիկական անձանց, ովքեր արդեն օգտվել են համակարգից կամ գրանցվել են դրանում և չեն հայտարարել դրա օգտագործման անհնարինության մասին։
Միաժամանակ նախատեսվում է, որ պարտատերերի ժողովները նույնպես կարող են անցկացվել էլեկտրոնային եղանակով՝ այն դեպքում, երբ ժողովի բոլոր մասնակիցները հանդիսանում են համակարգի օգտվողներ։
Բացի այդ, ապրիլի 27-ից հետո ներկայացված գործերով կայացված դատական ակտերը, ինչպես նաև դատական նիստերի և գործերի ընթացքի վերաբերյալ հանրային տեղեկատվությունը հասանելի կլինի նույն հարթակում։
Սահմանվել է նաև բացառություն․ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները պետք է ներկայացվեն միայն նյութական եղանակով։
Հարցերի դեպքում շահագրգիռ անձինք կարող են դիմել Արդարադատության նախարարություն՝ bankruptcy@moj.am էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել 85-00 հեռախոսահամարով։
Նոր համակարգի ներդրմամբ իշխանությունները նպատակ ունեն բարձրացնել սնանկության գործընթացների թափանցիկությունը, արագացնել դատավարությունը և նվազեցնել վարչարարական բեռը։