Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ կանցկացվեն 18-27 տարեկան կանանց զինվորական վարժանքներ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ կանցկացվեն կանանց նախնական զինվորական  պատրաստության վարժանքներ, որոնց դիմումների ընդունումը մեկնարկում է հոկտեմբերի 1-ից: Այս մասին  հայտնեց Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը: Ծրագրին կարող են դիմել 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչները:

Ծրագրի շրջանակում մասնակիցները 45 oր կվերապատրաստվեն  զորանոցային պայմաններում՝ ձեռք բերելով զինվորի հմտություններ: Բանակումի մասնակիցների առօրյան կազմակերպվելու է ԶՈՒ-ում ընդունված ձևաչափով, զորամասի օրվա կարգացուցակով՝ ժամը 6:30-ին վերկաց, մարմնամարզություն, նախաճաշ, դասարանային ու դաշտային պարապմունքներ և այլն: Արգելված են լինելու տեսակցությունները, զորամասի տեղաբաշխման վայրից ազատ արձակումները, արձակուրդները, ինչպես նաև զորամասի տարածքում տեսաձայնագրման, տեսանկարահանման հնարավորություն ունեցող բջջային հեռախոսների օգտագործումը:

Մինչ ծրագրում ընդգրկվելը թեկնածուները կմասնակցեն հարցազրույցի, կանցնեն համալիր բուժզննում, հոգեբանական թեստավորում (կստուգվեն թեկնածուների կողմնորոշման ընդունակությունը, հարմարվողականությունը ծառայության պայմաններին, սթրեսակայունությունը և այլն), որից հետո կհանձնեն նորմատիվներ ֆիզիկական պատրաստությունից։ Վարժանքների ավարտին կկազմակերպվի մասնակիցների ավարտական ստուգարք: Լավագույն արդյունքներ գրանցած մասնակիցները ցանկության դեպքում հնարավորություն կունենան որպես պայմանագրային զինծառայող ընդգրկվելու ՀՀ զինված ուժերում՝ ծառայության անցնելով ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված պայմաններում և վայրում ՀՀ ԶՈՒ ընդունված ձևաչափով:

Վարժանքներին սկզբում և վերջում կմասնակցի նաև Աննա Հակոբյանը:

Ցանկացողները դիմումները՝ (անձնագրի պատճեն ու ինքնակենսագրական) կարող են ուղարկել Աննա Հակոբյանի գրասենյակ՝  info@annahakobyan.am հասցեով, ս.թ. հոկտեմբերի 1-ից 31-ը:

Related posts

Թրամփը ցանկանում է հանդիպել Պուտինի և Սի Ծինփինի հետ՝ քննարկելու միջուկային զենքի հարցը. Ռուբիո

Վարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը

Գևորգ Պապոյանը Ժնևում ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական ուղղություններն ու ներդրումային առաջնահերթությունները