Անհրաժեշտ են հրատապ քայլեր՝ երեխաների համար ապահով միջավայր ստեղծելու ուղղությամբ․ ՄԻ պաշտպան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ այսօր՝ հուլիսի 27-ին, անցկացվել է «Երևանի N 34 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ և «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն ՊՈԱԿ կատարած այցերի արդյունքնում արձանագրված խնդիրների վերաբերյալ աշխատանքային քննարկում: Այս մասին հայտնել է ՄԻՊ գրասենյակը։
Մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն ու գերատեսչության այլ ներկայացուցիչներ, ներկայացուցիչներ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Երևանի քաղաքապետարանից, Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմից, Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնից, Կրթության տեսչական մարմնից և Քաղաքաշինության կոմիտեից:
Հանդիպման կազմակերպման համար հիմք են հանդիսացել Պաշտպանի և ՄԻՊ աշխատակազմի կողմից հոգեկան առողջության կենտրոն և մանկապարտեզ իրականացված չհայտարարված այցերը, որոնց ժամանակ արձանագրվել են խնդիրներ, մասնավորապես կապված հոգեկան առողջության կենտրոնի և մանկապարտեզի մեկ վայրում տեղակայված լինելու անհամատեղելիության հետ:
Պաշտպանը, ողջունելով հյուրերին, կարևորել է հանդիպման անցկացումը, քանի որ ինչպես երեխաների, այնպես էլ խոցելի խմբերի ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությանը վերաբերելի ցանկացած հարց պահանջում է հրատապ լուծում:
«Իրավիճակին տեղում ծանոթանալու համար մենք դեռևս մայիսին էինք այցելել «Ձորակ» կենտրոն։ Հունիսին ևս երկու չհայտարարված այց ենք իրականացրել: Տարբեր բնույթի խնդիրներ ենք արձանագրել, որոնք լուծման առաջարկներով ուղարկվել են պետական իրավասու կառույցներ։
Ցանկանում եմ արձանագրել, որ մանկապարտեզի և խնամքի կենտրոնի գտնվելը նույն վայրում անհամատեղելի է։ Խնդիրների լուծման տարբերակներ գտնելու համար անհրաժեշտ է համագործակցության մշակույթի ձևավորում»,- նշել է Պաշտպանը:
Միևնույն ժամանակ Անահիտ Մանասյանը ընդգծել է, որ անհրաժեշտ է հրատապ քայլեր ձեռնարկել երեխաների համար անվտանգ և ապահով, ինչպես նաև ֆիզիկական և հոգեկան առողջ զարգացման նպաստավոր միջավայր ստեղծելու ուղղությամբ:
Քննարկման շրջանակներում կարևորվել է ինչպես խնամքի կենտրոնի և մանկապարտեզի շահառուների, այնպես էլ հարակից տների բնակիչների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր: Այս համատեքստում ընդգծվել է անվտանգային միջավայրի ապահովման կարևորությունը՝ բացառելով կողմերից որևէ մեկի իրավունքի խախտումը:
Քննարկման ավարտին Պաշտպանը շնորհակալություն է հայտնել հյուրերին մասնակցության համար և նշել, որ հանդիպման շրջանակում բարձրաձայնված կարծիքները կուսումնասիրվեն և կքննարկվեն համապատասխան պետական մարմինների հետ:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ