Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովը բարձր է գնահատում առողջապահության նախարարության հետ գործակցությունը

Անահիտ Ավանեսյանն ընդունել է Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերին, ICMP քաղաքականության և համագործակցության գծով տնօրեն Անդրեաս Քլայզերին, ինչպես նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանին:

Նախարարը ընդգծել է Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի էական դերը` պատերազմի հետևանքով զոհվածների ինքնությունը պարզելու համար փորձանմուշների ԴՆԹ նույնականացումն իրականացնելու հարցում:

«Արվել է ամեն բան` հնարավորինս սեղմ ժամկետներում առավելագույն թվով լիարժեք գենետիկական բնութագրեր ունենալու համար: Այդ ամբողջ ընթացքում մենք եղել ենք բաց և հաշվետվողական»,-ասել է Անահիտ Ավանեսյանը:

Քեթրին Բոմբերգերը բարձր է գնահատել հանձնաժողովի գենետիկ փորձագետների և ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» փորձագետների արդյունավետ գործակցությունը` շեշտելով, որ Հայաստանն ամբողջությամբ պահպանել է Գենետիկական փորձաքննությունների անցկացման ընթացակարգի` միջազգայնորեն ընդունված գործելակարգերը:

Քեթրին Բոմբերգերը նշել է, որ Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովը կշարունակի իր աջակցությունը տրամադրել Հայաստանին պատերազմի հետևանքները հաղթահարելու հարցում` սերտ համագործակցելով հայաստանյան գործընկեր կազմակերպության հետ:

Related posts

Զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ Մասիսի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

Նոր Հաճըն համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 2.2 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգում գտնվող 526 քմ մակերեսով հողամասը. Փաշինյան