ԱՄՆ-ը փորձում է արգելել Պուտինի մասնակցությունը G20-ի գագաթնաժողովին

Նոյեմբերի 15-16-ը Ինդոնեզիայի Բալի կղզում անցկացվելու է G20-ի գագաթնաժողովը: Յոթ ամիս առաջ արդեն եվրոպացի և ամերիկացի պաշտոնյաները մտածում են՝ ինչպես իրենց պահել, եթե ՌԴ նախագահ Պուտինը որոշի մասնակցել գագաթնաժողովին:

Ըստ Bloomberg-ի տվյալների, որոշ ղեկավարներ պատրաստ են հրաժարվել հանդիպմանը մասնակցելուց և Բալի ուղարկել ավելի ցածր մակարդակի պատվիրակություններ: Չի բացառվում, որ առաջին անգամ G20-ն ավարտվի առանց պաշտոնական կոմյունիկեի:

Պարբերականը հայտնում է նաև, որ իր տեղեկություններով՝ ԱՄՆ-ը փորձում է համոզել Ինդոնեզիային, որն այս տարի նախագահում է G20-ը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին թույլ չտալ մասնակցել գագաթնաժողովին: Մինչդեռ Ինդոնեզիան հայտարարել է, որ հրավիրում է G20-ի բոլոր անդամներին:

Արևմտյան պետությունների ղեկավարները քննարկում են Ռուսաստանին G20-ից դուրս մղելու հարցը, սակայն դիտորդները դա գրեթե անհնար են համարում: Նրանց կարծիքով՝ եթե 2014-ին Ղրիմի միացումից հետո Ռուսաստանը հանվեց «Մեծ ութնյակի» կազմից, ապա «Մեծ քսանյակից» հեռացնելը շատ ավելի բարդ հարց է, քանի որ այնպիսի երկրներ, ինչպիսին է Չինաստանը, հավանաբար, դրան չեն համաձայնի, իսկ որոշում ընդունելու համար պահանջվում է կոնսենսուս:

Չինացի բարձրաստիճան մի դիվանագետ ասել է, որ ոչ ոք չի կարող քանդել G20-ի դաշինքը:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե Ռուսաստանը դուրս մնա այդ դաշինքից, «ոչ մի սարսափելի բան» տեղի չի ունենա։

Related posts

Սուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում նախաճաշել է զինվորների հետ

Ծովինար Վարդանյանն ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր