ԱՄՆ-ը պատրաստ է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, այդ թվում որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ

Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի կառուցման հարցում։

Այդ մասին հայտնել են ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունից՝ ի պատասխան «Լուրերի» հարցմանն այն մասին, թե արդյոք ԱՄՆ-ը հանձնառո՞ւ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատին համահունչ՝ Լեռնային Ղարաբաղի համապարփակ կարգավորման գործընթացին: «Լուրերը» հիշեցրել էր, որ նախօրեին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր․ «Մեր, այսպես կոչված, ֆրանսիացի և ամերիկացի գործընկերները, ռուսաֆոբ մոլագարության մեջ ձգտելով չեղարկել ՌԴ-ի հետ կապված ամեն բան, չեղարկել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը՝ հայտարարելով, որ չեն շփվի մեզ հետ այդ  ձևաչափում»։

«Հայաստանին և Ադրբեջանին հորդորում ենք ակտիվացնել իրենց դիվանագիտական շփումը և շարունակել օգտվել ուղղակի շփման համար առկա մեխանիզմներից Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ վերջինիս արդյունքում առաջացած խնդիրների համար համապարփակ լուծումներ գտնելու նպատակով և կարգավորել հարաբերությունները խաղաղության համապարփակ համաձայնագրի հասնելու եղանակով»,- նշված է պատասխան նամակում։

Պետքարտուղարությունից հայտնել են. «Միացյալ Նահանգները շարունակում է պատրաստ լինել աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին այս նախաձեռնություններում, այդ թվում նաև՝ ԵԱՀԿ ՄԽ մեր կարողությունների շրջանակում»։

Related posts

Լոս Անջելեսում միգրացիոն քաղաքականության դեմ անցկացվող բողոքի ցույցերը վերաճել են լարված բախումների

Պաշտոնատար անձի ուղղորդմամբ քաղաքացին սուտ ցուցմունք է տվել. քրեական վարույթի նյութերը դատարանում են

Հրդեհ Ախուրյան գյուղում