Ալիևի նախապայմանները` 2020-ի հոկտեմբերի 8-ին հրադադար հաստատելու համար. մանրամասներ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել 2 խոսակցություն: 2-րդի ժամանակ Պուտինն ասել է, որ խոսել է Ադրբեջանի նախագահի հետ, սակայն վերջինս ասել է, որ ինքը պատրաստ չէ գնալ կրակի դադարեցման: Այդ մասին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պուտինը նաև ասել է, որ պայմանավորվել է հաջորդ օրը կրկին խոսել Ալիևի հետ: Հաջորդ օրը Պուտինն արդեն տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմը նախապայման ունի:

Ակնկալվում է, որ առանց մարտի իրենց հանձնվի Ֆիզուլին, և հայկական ուժերը Արաքսի երկայնքով նահանջեն մինչ Խոդաֆերինի ջրամբար, այնպես, որ ջրամբարը լինի ադրբեջանական վերահսկողության տակ, և նրանք կարողանան այդտեղից ջուր վերցնեն ոռոգման նպատակով: Բացի դրանից՝ Ադրբեջանի ղեկավարությունն ակնկալում է հետ ստանալ Արցախում սպանության և մարդու առևանգման համար իրենց պատիժը կրող Գուլիևին ու Ասկերովին՝ հնարավոր համարելով իր հերթին գերիներ վերադարձնել: Ընդ որոմ՝ այս ամենի դիմաց ոչ թե ռազմական գործողությունների դադար է հայտարարվում, այլ ընդամենը հումանիտար հրադադար զոհվածների հուղարկավորությունը կազմակերպելու համար: Դրանից հետո ռազմական գործողությունները չշարունակելու ոչ մի պայման, պարտավորություն չպիտի լիներ:

Ասացի, որ նախապայմաններն ընդունելի չեն, քանի որ ՌԴ նախագահի հետ պայմանավորվել էինք, որ հրադադարը պետք է հաստատվի առանց նախապայմանների, և հետո նույնիսկ եթե ես համաձայնեմ զորքերի նահանջին, ոչ մի երաշխիք չկա, որ նահանջի ընթացքում Ադրբեջանը չի շարունակի հարձակումը:

Այնուամենայնիվ, որոշակի ճկունություն ցուցաբերեցի՝ արձանագրելով, որ Խոդաֆերինի ջրամբարի ջրի համատեղ օգտագործումը հնարավոր է, այսինքն՝ ԼՂ-ն, կարծում եմ, կարող է չխոչընդոտել ջրամբարից Ադրբեջանի՝ ջուր վերցնելուն: Ասկերովի և Գուլիևի վերադարձի պայմանը քննարկելի է, եթե Ադրբեջանն ասի, թե ՌԴ միջնորդությամբ, իր հերթին, քանի հայ գերի է պատրաստվում վերադարձնել հայկական կողմին, Ֆիզուլին՝ առանց մարտի հանձնելու և Արաքսի ափով նահանջելու պայմանն ընդունելի չէ, զոհվածների մարմինները հուղարկավորելու նպատակով հումանիտար հրադադար հաստատելու առաջարկը լիարժեք ընդունելի է»,- պատմեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նաև տեղեկացրեց, որ ևս մեկ խոսակցություն է տեղի ունեցել հոկտեմբերի 8-ին, որի ժամանակ ՌԴ նախագահն ասել է, որ Ադրբեջանը համաձայն է հոկտեմբերի 9-ի լույս 10-ի կեսգիշերից հրադադար հաստատել: Դա քննարկելու նպատակով ՀՀ ԱԳ նախարարները հոկտեմբերի 9-ին հրավիրվում են Մոսկվա՝ խորհրդակցություններ սկսելու ՌԴ միջնորդությամբ: Նաև պիտի փոխանակվեին գերիներ և զոհվածների աճյուններ: Վարչապետը համաձայնել է առաջարկին: Խոսակցությունից հետո ՌԴ նախագահի կայքում հայտարարություն է տարածվել, որ հումանիտար հրադադար է հաստատվում:

Related posts

ՆԳՆ քրեական ոստիկանները խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի են վնասազերծել

Դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրո՝ օգնելու բազմազանեցնել ձեր առևտուրը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Վենեսուելայում ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2295-ի