Ալեն Սիմոնյանը Ղազախստանի գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան

Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Շնորհակալություն հայտնելով Երլան Կոշանովին հրավերի, ինչպես նաև ջերմ ընդունելության համար` Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ մեր երկիրը բարձր է գնահատում Ղազախստանի հետ գործընկերային հարաբերությունները և պատրաստ է ջանքեր ներդնել դրանց հետագա խորացման ուղղությամբ: Այս համատեքստում ԱԺ նախագահն անդրադարձել է օրենսդիր մարմինների միջև համագործակցության խորացմանը՝ առաջարկելով դիտարկել երկու խորհրդարանների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի ձևաչափը:

Խոսելով տարածաշրջանային զարգացումների ու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման անհրաժեշտության մասին` ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ղազախական կողմին Հայաստանի Հանրապետության Կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին աջակցելու համար:

Ալեն Սիմոնյանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների և պահվող անձանց խնդրին:

ՀՀ խորհրդարանի ղեկավարը Երլան Կոշանովին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:

Հանդիպման ավարտից հետո Ալեն Սիմոնյանը գործընկերոջ ուղեկցությամբ շրջել է Ղազախստանի խորհրդարանի շենքում:

Related posts

Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. համայնքապետարանը հերքում է տարածվող լուրերը

Սեպտեմբերի 6-7-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ռիգայում

Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով