Ազգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին։ Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Ռուբեն Ռուբինյանը շնորհավորել է Ֆլորիան Էսկյուդիեին պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ և հաջողություն մաղթել նրա դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում։

Հանդիպման ընթացքում կարևորվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով դրանց հետագա խորացման ու ընդլայնման անհրաժեշտությունը։

Անդրադարձ է կատարվել երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը և դրա հետագա ամրապնդման անհրաժեշտությանը։

Կողմերը կարևորել են համագործակցության ընդլայնումը նաև տնտեսության, ենթակառուցվածքների, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում։

Ընդգծվել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև Ռազմավարական գործընկերության հռչակագիրը նոր հնարավորություններ է ստեղծում հարաբերությունների հետագա խորացման ու բազմաբովանդակ զարգացման համար։

Ռուբեն Ռուբինյանը և Ֆլորիան Էսկյուդիեն մտքեր են փոխանակել տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ։

Related posts

Իտալիայի իշխանությունները մտադիր են ևս 500 զինվոր ուղարկել Միլան անկարգությունների պատճառով

Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի միջնորդության քննությունը հետաձգվել է

Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը