Ադրբեջանում դեռևս հայ գերիներ կան. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին:

Շնորհավորելով դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանում Կանադայի դեսպանության բացումը եւ Էնդրյու Թըրների նշանակումը որպես առաջին ռեզիդենտ դեսպան նոր խթան կհանդիսանան երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում:

Անդրադարձ է եղել միջխորհրդարանական երկխոսության ու խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը, այս համատեքստում ընդգծվել է երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի դերը: Երկկողմ կապերի ամրապնդման գործում Ալեն Սիմոնյանը կարեւորել է Կանադայի հայ համայնքի զգալի դերակատարությունը:

Անդրադառնալով տարածաշրջանային մարտահրավերներին՝ ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է. «Մենք հասկանում ենք, որ մեր անվտանգության առանցքային համակարգը ժողովրդավարությունն է: Լիահույս ենք, որ միջազգային գործընկերները կաջակցեն ժողովրդավար Հայաստանին տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն հաստատելու գործում»: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարը դեսպանին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը, անդրադարձել Ադրբեջանում գտնվող գերիների անհապաղ վերադարձին: Ալեն Սիմոնյանի խոսքով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գերիների փոխանակման շուրջ պայմանավորվածության իրականացումից հետո անգամ այդ երկրում դեռեւս հայ գերիներ կմնան:

Դեսպանը հետագա համագործակցության պատրաստակամություն է հայտնել, նշել, որ Կանադան աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը եւ ժողովրդավարությանը: Նրա խոսքով Կանադայի արտգործնախարարի այցը Հայաստան եւ դեսպանության բացումը Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու եւս մեկ ապացույց են:

Related posts

Ռուբեն Ռուբինյանն ու Արգենտինայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև տնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր

Ապատեղեկատվությունը՝ ընտրական պայքարի զենք․ մեդիան՝ հակազդման առաջնագծում

Մեծամորի լքված շինություններից մեկում տղամարդու մարմին են գտել