Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը

Բաքվից արձագանքել են Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը՝ նշելով, թե իբր Երևանը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հերթական անգամ բողոքել է, որ հայկական կողմը զարգացնում է պաշտպանական ոլորտում գործակցությունը տարբեր երկրների հետ: Այխան Հաջիզադեն մեղադրել է Հայաստանին իբր ռազմականացման և Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ունենալու համար:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն անդրադարձել էր Բաքվից հնչող մեղադրանքներին և սպառնալից հայտարարություններին: Անի Բադալյանը վստահեցրել է՝ պաշտոնական Երևանը բազմիցս և ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ որևէ հարևանի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունի, ճանաչում է նրանց բոլորի տարածքային ամբողջականությունը և տարածքային պահանջներ չունի։
Ինչ վերաբերում է սպառազինություններին, ՄԱԿ կանոնադրությունը յուրաքանչյուր պետության ինքնապաշտպանության իրավունք է վերապահում։
ՀՀ ԱԳՆ խոսնակը շեշտել է՝ Հայաստանը սպառազինություն և տեխնիկա ձեռք է բերում միայն ինքնապաշտպանության իրավունքը իրացնելու նպատակով։ «Սրան զուգահեռ՝ Ադրբեջանի հարձակողական զինատեսակներով սպառազինման ծավալներն անգամներով ավելին են, ինչի մասին հաճախ հայտարարում է Ադրբեջանի նախագահը»,- հավելել է Անի Բադալյանը։ Նա կոչ է արել ագրեսիվ հռետորաբանության փոխարեն կենտրոնանալ Խաղաղության պայմանագիր ստորագրելու և մյուս հարցերը շուտափույթ լուծելու վրա։

Related posts

Ազգային ժողովը քննարկում է Կառավարության անդամի երդման տեքստի փոփոխության մասին նախագիծը

Սոնա Ղազարյանն ընդդիմադիր կին պատգամավորներին հորդորեց ընդունել Աննա Հակոբյանի՝ ընտանեկան բռնության դեմ նախագիծը խմբակցություններում քննարկելու առաջարկը

Ինդոնեզիայում որոնում են նավի խորտակումից հետո անհետ կորած 129 մարդու