Ադրբեջանը շարունակում է իր գործելաոճը՝ ի հակառակ մինչ այս հնչեցված բոլոր միջազգային կոչերին. Միրզոյանը՝ Մալթայի ԱԳ նախարարին

Օգոստոսի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ։

Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել այս տարվա մարտին Մալթա կատարած իր պաշտոնական այցից ի վեր տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի լիակատար արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամը: Նախարար Միրզոյանն ընդգծել է դրա անդառնալի հետևանքները Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչության համար՝ նշելով Ադրբեջանի կողմից էլեկտրաէներգիայի ու գազի մատակարարումների պարբերական խափանումները և հատկապես խոցելի խմբերի համար դեղորայքի, սննդի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների սուր պակասը:

Նախարար Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է իր գործելաոճը՝ ի հակառակ մինչ այս հնչեցված բոլոր միջազգային կոչերին և տեղում դրական փոփոխություն արձանագրելու ջանքերին: Ընդգծվել է Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման, տեղաշարժի լիակատար վերականգնման ուղղությամբ հստակ քայլերի հրատապությունը։

Related posts

Մի շարք լրատվամիջոցներ ստացել են ինձ վերագրվող էլեկտրոնային նամակներ. Նազելի Բաղդասարյանը հերքում է իր առնչությունը դրանց հետ

Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության պայմանագրի ստորագրման համար. Գալուզին

Համաշխարհային բանկը հավանություն է տվել Միջին միջանցքի զարգացման համար Վրաստանին 372 մլն դոլարի վարկ տրամադրելուն