ԱԱԾ-ն Շենգավիթի թաղապետարանում գործողություններ է իրականացրել, կան ձերբակալվածներ

Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում իրավապահները գործողություններ են իրականացրել, ինչի հետևանքով աշխատակիցներ են ձերբակալվել։

Այս տեղեկությունը, 1lurer.am-ի հարցին ի պատասխան, հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ Կոմիտեից հայտնեցին՝ քննչական գործողություններն իրականացվել են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։

Հավելեցին նաև, որ ԱԱԾ աշխատակիցների հետ իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում կան ձերբակալված անձինք թաղապետարանից:

ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ վերջիններս կասկածվում են կաշառք պահանջելու և ստանալու համար:

Կատարվածին Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը՝ նշելով, որ հաշվի առնելով անմեղության կանխավարկածը այս պահին կլռի:

«Յուրաքանչյուր քայլ, որն իրականացվում է օրենքի սահմաններից դուրս և համայնքի շահերին հակառակ, ինձ համար անընդունելի է։ Կաշառք վերցնելը, հանրային միջոցներ յուրացնելը՝ այսպես ասված «փող ուտելը», ինձ համար կարմիր գիծ է, որն անցնելը աններելի է և նշանակում է դավաճանել ժողովրդին»,- գրել է Մկրտչյանը:

Related posts

Մեր Սահմանադրության մեջ որևէ տարածքային հավակնություն չկա․ վարչապետի պատասխանն՝ ադրբեջանցի լրագրողին

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան