Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների խնդրին, նշեց, որ ԱՊՀ երկրների միջև շրջանառությունը փակ է, իսկ ՌԴ-ի դեպքում գրեթե բոլոր երկրների հետ է նման իրավիճակ:
Վարչապետի խոսքով, համաճարակի ներկա դրական իրավիճակը հնարավորություն է տալիս, որ ԵԱՏՄ շրջանակներում քննարկման առարկա դարձվի այդ հարցը:
«Կփորձենք հասկանալ, թե ինչպես ենք կարողնալու դուրս գալ այս իրավիճակից և նման քննարկում նախաձեռնել ենք ԵԱՏՄ ֆորմատով»,- հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նշեց, որ ԵԱՏՄ-ում պաշտոնապես բարձրացրել են կանոնավոր ուղևորափոխադրումների սցենարը հաստատելու հարցը և հուսով են, որ կգործի միասնական կանոն:
Վարչապետը հայտնեց, որ ուղևորափոխադրումների վերականգնումն ու սահմանների բացումը տեղի կունենա սեպտեմբերի կեսից, և մի քանի օրից մեկ-երկու տասնյակ ավիաընկերություններ արդեն կվերականգնեն կանոնավոր չվերթերը դեպի Հայաստան:
Նրա խոսքով, արտերկրից Հայաստան ժամանած քաղաքացիները, որոնք չեն ուզում կարանտինի մեջ մնալ 14 օր, կարող են օդանավակայանում թեստ հանձնել, և եթե պատասխանը բացասական է, կարանտին չեն անցնի:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ ՀՀ մուտքի որևէ արգելք այս պահին չի գործում: Նրա խոսքով՝ ներկայումս օդանավակայանում 20 նմուշառման կետ է կառուցվում, և ովքեր կցանկանան տեղում թեստավորվել, կունենան այդ հնարավորությունը:
Կրկին անդրադառնալով դպրոցների բացման թեմային՝ վարչապետը հայտնեց, որ նպատակը այն չէ, որ դրանք բացեն և իրավիճակի վատացման պատճառով կրկին փակեն:
ԿԳՄՍ նախարար Արային Հարությունյանն հավաստիացրեց, որ հակահամաճարակային սահմանափակումների պահպանման դեպքում համաճարակային իրավիճակը կլավանա:
Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանն էլ հաստատեց վարչապետի այն հայտարարությունը, որ բոլոր ուսուցիչները թեստավորվում են, ինչով էլ պայմանավորված է թեստավորման բարձր տոկոսը: