Փաշինյանն ընթերցել է քաղաքացուն ուղղված նամակը

4.06.2021 - 21:24 դիտում

Արարատի բնակչության հետ այսօրվա հանդիպումների շարքը Նիկոլ Փաշինյանն ավարտել է մարզկենտրոն Արտաշատում, որտեղ ընթերցել է քաղաքացուն ուղղված նամակ: Նա նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական թերթիկի դարձերեսին լինելու է այդ նամակը:

«Բարև Հայաստանի Հանրապետության քաղաքացի, քեզ դիմում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, չորս երեխաների հայր, «Հայկական ժամանակ» օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր, նախկին քաղբանտարկյալ, 2012-18 թվականներին Ազգային ժողովի պատգամավոր, 2017-18 թվականներին Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, Հայաստանի Հանրապետության վարչապետ, վարչապետի պաշտոնակատար և վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Ի՞նչ եմ ակնկալում քեզանից: Ուզում եմ չհանձնվես, ուզում եմ չկասկածես: Քեզ փորձում են համոզել, որ դու սխալվել ես՝ մտածելով, թե կարող ես որոշող լինել քո հայրենիքում, քո պետության մեջ: Քեզ փորձում են համոզել, թե ժամանակը հակառակը ցույց տվեց, որ կամ պետք է հպատակ լինես քո հայրենիքում կամ կորցնես հայրենիքդ: Ես քեզ դիմում եմ համոզմունքով, որ ճշմարտությունն ուղիղ հակառակն է: Երկար տարիներ մենք շատ բաներ հանդուրժեցինք հանուն հայրենիքի, արդյունքում պարզվեց, որ հայրենիքի քայքայումն ենք հանդուրժում: Ու այն պահին, երբ սկսեցինք չհանդուրժել, մեր հայրենիքը նմանվում էր անդունդ գահավիժող մի մեքենայի, որը փորձում էինք կառավարել` առանց ղեկի ու անիվների, առանց արգելակի ու շարժիչի:

Գահավիժման այդ ընթացքը դժվարությամբ ենք կանգնեցնում, ծանր կորուստներով, բազմաթիվ զոհերով, խառնակ ու խառնաշփոթ ժամանակներով: Ու հիմա ընտրության առաջ ես` ենթարկվես ժամանակի՞ն, թե՞ քեզ ենթարկես ժամանակը: Ես ուզում եմ, որ քեզ ենթարկես ժամանակը, որովհետև այն ժամանակը, որը քեզ ենթակա չէր երեկ, այսօրվա կորուստների առանցքային պատճառն է: Այսօրվա բարդությունը կուտակվել է երեկ:

Հիշո՞ւմ ես, թե քանի-քանի առիթներով և քանի-քանի տարիներ ես ապրել այն համոզումով, որ այս երկրում ապագա չկա ու այն ժամանակ, երբ փոխում էիր համոզումդ, վրա հասավ ամենամեծ աղետը ու էլի սկսեցիր մտածել, որ ապագա չկա: Բայց այս օրն ապագա էր երեկ, իսկ վաղն ապագա է այսօր ու այն պետք է գա, եթե դու որոշես, որ ինքը կա, որովհետև ցավից չպետք է կորցնես ապագայի մասին երազելու և ապագան ամենօրյա աշխատանք դարձնելու կարողությունը: Բարև Հայաստանի Հանրապետության քաղաքացի, քեզ գրում եմ՝ ասելու, որ ապագա կա′, կա′ ապագա ու այն արարելու ենք այսօր: Քո Նիկոլ»,- շեշտվում է Փաշինյանի նամակում:

Մարզկենտրոնի հանդիպումից հետո վարչապետի պաշտոնակատարի առաջնորդությամբ Արտաշատում երթ է անցկացվել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ