Տեղի է ունեցել «Անգլախոս գյուղական համայնքներ» ծրագրի պաշտոնական բացումը

11.03.2022 - 23:31 դիտում

Դեբետի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում մարտի 10-ին տեղի է ունեցել «Անգլախոս գյուղական համայնքներ» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեիթինենը, Հայաստանի ամերիկյան համալսարանի «Անգլերենի՝ որպես օտար լեզվի» մագիստրոսական ծրագրի ղեկավար Իրշատ Մադյարովը, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը, Լոռու մարզի 24 դպրոցների տնօրեններ, անգլերենի ուսուցիչներ և այլ հյուրեր։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նոր չափորոշիչներով և բովանդակությամբ դասավանդման գործընթացում անգլերենի՝ ծրագրի մասնակից ուսուցիչները կլինեն առաջամարտիկներ։ Փոխնախարարը քաջալերել է ուսուցիչներին՝ պատասխանատվության զգացումով մասնակցել ծրագրին՝ շեշտելով այն փաստը, որ եթե վերապատրաստվեն, իրենց գիտելիքները հարստացնեն և ցանկություն ունենան, ապա կարող են հաջողությամբ մասնակցել կամավոր ատեստավորման գործընթացին և կրեդիտներ կուտակել հերթական ատեստավորման համար:

Հարկ է նշել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը հանդես է եկել «Անգլախոս գյուղական համայնքներ» ծրագրի նախաձեռնությամբ, որի արդյունքում 2021 թվականի նոյեմբերի 13-ին կնքվել է փոխըմբռնման եռակողմ հուշագիր ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում ԱՄՆ դեսպանության և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի միջև։ «Անգլախոս գյուղական համայնքներ» ծրագրի շրջանակում ՀՀ Լոռու մարզի 24 համայնքում գործող հանրակրթական դպրոցների աշակերտները կբարելավեն անգլերենի գիտելիքներն ու հմտությունները ֆորմալ (հիմնական ծրագրերի) և ոչ ֆորմալ (արտադասարանական) խմբակների ուսուցման միջոցով։

Բացի դրանից՝ մարզի 24 համայնքում գործող հանրակրթական դպրոցների՝ անգլերեն դասավանդող ուսուցիչները կզարգացնեն իրենց կարողունակությունները մասնագիտական վերապատրաստումների միջոցով՝ ուղղված անգլերենի իմացության և դասավանդման հմտությունների բարելավմանը։ Ծրագրի կարևոր բաղադրիչ է հանդիսանում նաև ֆորմալ կրթության ոլորտում հանրակրթական դպրոցներում անգլերենի՝ որակյալ բովանդակությամբ, հանրակրթության նոր չափորոշիչներին համապատասխան դասապլանների ստեղծումը։

2022-2024 ուսումնական տարվա ընթացքում 24 համայնքի՝ ներառյալ Վանաձոր և Ալավերդի քաղաքների՝ անգլերեն դասավանդող 24 ուսուցիչներ ֆորմալ կրթության ոլորտում նոր չափորոշիչների վրա հիմնված որակյալ բովանդակությամբ դասապլաններով կդասավանդեն 3-12-րդ դասարանների շուրջ 3000 աշակերտի: Միևնույն ժամանակահատվածում ոչ ֆորմալ կրթության ոլորտում 10-րդ և 11-րդ դասարանների 576 աշակերտ արտադասարանական խմբակների միջոցով է՛լ ավելի կկատարելագործի անգլերենի գիտելիքներն ու հմտությունները:

Արդյունքում՝ աշակերտները կընդլայնեն իրենց ներուժը, ձեռք կբերեն նոր գիտելիքներ և հմտություններ, ինչն էլ կնպաստի նրանց անձնային աճին, կխթանի համայնքային զարգացումը և մշակութային փոխըմբռնումը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ