Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին:
Հանդիպմանը ներկա էր ՀՀ-ում ՖՀ արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը:
ՀՀ վարչապետը և Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը մտքեր են փոխանակել Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակի, ԼՂ հակամարտության կարգավորման, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացման աշխատանքների շուրջ:
Առաջնահերթությունների շարքում վարչապետը կարևորել է տարածաշրջանում կայունության ապահովումը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի վերականգնումը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է անթաքույց ագրեսիվ հակահայկական հռետորաբանությունը և հավակնություններ է հայտնում Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սուվերեն տարածքի նկատմամբ: Վարչապետը դատապարտելի է համարել վերջերս Բաքվում, այսպես կոչված, «ռազմավարի պուրակի» բացումը և ընդգծել, որ նման հայատյաց քաղաքականությունն ամենամեծ հիմքն է՝ Արցախի դեպքում «անջատում հանուն փրկության» սկզբունքը կիրառելու համար:
Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարի խնդրանքով ՀՀ վարչապետն անդրադարձել է նաև Հայաստանում առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, սահմանադրական ընթացակարգերին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ առաջնահերթ խնդիրն ընտրությունների ժողովրդավարական որակն աներկբա պահպանելն է՝ հավելելով, որ հետպատերազմական ճգնաժամային ժամանակաշրջանում Հայաստանը կարողացավ ապահովել գործընթացների ժողովրդավարական բնույթը: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է միջազգային դիտորդական առաքելությունների ներգրավվածությունն ընտրական գործընթացին:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-ֆրանսիական տնտեսական գործակցության օրակարգը, անդրադարձել նախորդ քննարկման պայմանավորվածությունների կատարմանը: Երկուստեք գոհունակություն է հայտնվել առ այն, որ բավական մեծ աշխատանք է կատարվել տնտեսական համագործակցության խորացման ուղղությամբ, որոշակիորեն ուրվագծվել են համատեղ ծրագրերը: Այս առումով կարևորվել են փոխադարձ ակտիվ շփումները:
Վարչապետ Փաշինյանը խնդրել է նախագահ Մակրոնին փոխանցել Հայաստան՝ իրեն հարմար ժամկետում այց կատարելու հրավերը: