Ավարտվել է 2022թ. հունիսի 23-ին Արմավիրի մարզի 36-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 5 մեղադրյալի մասով:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստերով հիմնավորվել է, որ «Թոխմախցի Յուրո» մականվամբ հայտնի 33-ամյա տղամարդը, Արմավիրի մարզի 36-ամյա բնակչի սպանության շուրջ համաձայնություն է ձեռք բերել Երևանի 37-ամյա բնակչի և մի խումբ անձանց հետ: Համաձայնության շրջանակներում հանցակիցների միջոցով ձեռք բերելով հանցագործության կատարման համար անհրաժեշտ բջջային քարտեր, իրեր ու սարքավորումներ, պայթեցման ինքնաշեն սարք` 33-ամյա տղամարդը, 2022թ. հունիսի 21-ի լույս 22-ի գիշերն իր ծանոթից վարձակալել է «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենա։ Նույն օրը` ժամը 03:14-ին, հանցավոր խմբի անդամներն այդ ավտոմեքենայով մեկնել են Արմավիրի մարզի Փարաքար բնակավայր: Մինչև ժամը 04:34-ը շրջել են նույն բնակավայրի տարբեր փողոցներով՝ երեք անգամ անցնելով 36-ամյա տղամարդու տան մոտով: Տան դիմաց տեսնելով նրա եղբորը և վերջինիս ընկերոջը՝ նրանք հետաձգել են պայթուցիկ և այլ սարքավորումների տեղադրումը:
Իրենց հանցավոր մտադրության իրականացումը հեշտացնելու և հետագայում հանցագործության բացահայտումը բացառելու նպատակով, խմբի դեռևս չպարզված անդամները 2022թ. հունիսի 23-ին՝ ժամը 02:00-ի սահմաներում, Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի շենքերից մեկի բակում կայանված «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վրայից հափշտակել են հաշվառման զույգ համարանիշները և տեղադրել իրենց վարձակալած «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի վրա:
Նույն օրը՝ ժամը 03:42-ին, Երևանի 37-ամյա բնակիչը 33-ամյա տղամարդու հետ վերոհիշյալ ավտոմեքենայով մեկնել են Փարաքար գյուղ՝ իրենց հետ ապօրինի կերպով փոխադրելով պայթուցիկ սարքը, ինչպես նաև այն գործարկելու և տուժողի շարժը վերահսկելու համար անհրաժեշտ սարքավորումները:
Ժամը 04:22-ին հասնելով նշված վայր՝ հիշյալ երկու տղամարդիկ ավտոմեքենան կայանել են տուժողի տան մոտակայքում, քայլել դեպի տուժողի տուն, որտեղ տան դիմաց` փողոցում կայանված, վերջինիս պատկանող «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայի վրա՝ առջևի ձախ նստատեղի հատվածի տակ, տեղադրել են ինքնաշեն պայթեցման սարքը: 36-ամյա տղամարդու տեղաշարժին հետևելու և նրա սպանությունն անվրեպ իրականացնելու նպատակով, նույն տնից 20 մետր հեռավորության վրա գտնվող մետաղյա սյան վրա կպչուն ժապավենով ամրացրել են վերը նշված հեռավար տեսահսկման սարքը, որից հետո ավտոմեքենայով վերադարձել են հանցավոր խմբի հավաքատեղի:
Հանցավոր խմբի անդամները, հասանելիություն ստանալով տուժողի տան մոտակայքում տեղադրված հեռավար տեսահսկման սարքին, հսկել են վերջինիս տան մուտքի հատվածը: 2022թ. հունիսի 23-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, երբ 36-ամյա տղամարդը դուրս է եկել տնից և իր ավտոմեքենայով ուղևորվել դեպի Նաիրիի փողոց, շուրջ 100 մետր ընթանալուց հետո, հանցավոր խմբի անդամները հեռակառավարման միջոցով գործարկել են հիշյալ ավտոմեքենայի վրա տեղադրված պայթեցման սարքը: Տեղի ունեցած պայթյունի հետևանքով առաջացած հարվածային ալիքից տղամարդը ստացել է կյանքի հետ անհամատեղելի պայթյունաբեկորային վնասվածքներ և ջերմային այրվածքներ և բժշկական կենտրոն տեղափոխվելուց հետո մահացել է:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «Թոխմախցի Յուրո» մականվամբ հայտնի անձին և Երևանի 37-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերին, 335-րդ հոդվածի 2-րդ մասին: Հանցավոր խմբի ևս երեք անդամի մեղադրանք է ներկայացվել՝ վերոնշյալ երկու անձանց կատարած հանցավոր արարքներին օժանդակելու համար: Նշված բոլոր մեղադրյալները կալանավորվել են:
Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
Հանցավոր խմբի մյուս անդամների մասով նախաքննությունը դեռևս շարունակվում է։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: