Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի, Երևանի գլխավոր եկեղեցին։Կառուցվել է 1996–2001 թվականներին: 1992 թվականի հոկտեմբերի 8-ին մրցութային հանձնաժողովը, Վազգեն Ա կաթողիկոսի մասնակցությամբ և հավանությամբ, ընտրել է Ստեփան Քյուրքչյանի նախագիծը: 1996 թվականի փետրվարի 29-ին սկսվել են շինարարության նախնական աշխատանքները: 1997 թվականի ապրիլի 7-ին, Աստվածածնի Ավետման տոնակատարության օրը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա Սարգիսյանի հանդիսապետությամբ կատարվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հիմնարկեքը: 2000 թվականի հունիսի 26-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանը օծել է եկեղեցու խաչերը, 2001 թվականի սեպտեմբերի 23-ին՝ եկեղեցին և մատուցել առաջին պատարագը:Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցին ծավալատարածական ամբողջություն կազմող, Անիի տուֆով երեսապատված տարբեր կառույցների համալիր է՝ բաղկացած եկեղեցուց, նրա հյուսիսարևմտյան կողմում՝ Սուրբ Տրդատ և հարավարևմտյան կողմում՝ Սուրբ Աշխեն մատուռներից, եկեղեցուն արևմուտքից կից գավթից ու զանգակատնից: Համալիրում գերիշխող և նրա ճարտարապետական կերպարի հիմնական որոշիչ ծավալը կենտրոնագմբեթ եկեղեցին է՝ ամենախոշորը հայկական եկեղեցիների շարքում Նրա հատակագծային ու ծավալային հորինվածքի հիմքը քրիստոնեական կրոնի խորհրդանշան խաչն է:Ծածկն իրականացված է երկու զույգ փոխհատվող, երկաթբետոնե կամարների համակարգի միջոցով որի կենտրոնում բարձրանում է ութանիստ թմբուկով, հովանոցաձև վեղարով գմբեթը: Ծածկի նման լուծումը հնարավորություն է տվել եկեղեցու ներսն ազատել առանձին կանգնած հենարաններից և ստանալ միասնական ներքին տարածություն: 1800 մ2 մակերեսով աղոթասրահում կարող են միաժամանակ տեղավորվել 3000 մարդ, 1700-ը՝ նստատեղերով: Ընդարձակ Ավագ խորանի (180 մ2 մակերեսով) երկու կողմերում տեղադրված են խոշոր ավանդատները:Աղոթասրահի արևմտյան կողմում երգչախմբի ու երգեհոնի համար նախատեսված վերնահարկն է: Եկեղեցու տակ, նրա ողջ մակերեսով, 4 մ բարձրությամբ կառուցված է ներքնահարկ, որտեղ գտնվում են սուրբ Գրիգոր Ա Լուսավորչի հուշահամալիրը, գրադարան, դահլիճներ՝ հանդեսների և դասախոսությունների համար, աշխատասենյակներ: Նույն հորինվածքն ու նույն չափերն ունեցող Սուրբ Տրդատ և Սուրբ Աշխեն՝ կենտրոնագմբեթ մատուռները նախատեսված են ծիսակատարությունների՝ պսակադրության, մկրտության, հոգեհանգստի համար: Դրանք խաչաձև են, հովանոցաձև վեղարով ութանիստ թմբուկ ունեցող գմբեթով (մատուռների բարձրությունը մինչև խաչի տակ՝ 29 մ) և ունեն եկեղեցիներին բնորոշ բաղադրամասեր:
Եկեղեցու և մատուռների միջև տեղադրված գավիթը նրանց միմյանց կապող հանգույցն է: Ութանիստ սրահ է, որից մուտքեր կան դեպի եկեղեցու աղոթասրահ, վերնահարկ և ներքնահարկ, զույգ մատուռներ: Գավթում են պահվում 2000 թվականին Նեապոլի Սուրբ Գրիգոր Հայի եկեղեցուց Գարեգին Բ Ներսիսյան Ամենայն հայոց կաթողիկոսի բերած Գրիգոր Ա Լուսավորչի մասունքները: Գավթին արևմուտքից կից է քառակուսի հատակագծով զանգակատունը (8×8 մ), 22 մ բարձրությամբ աշտարակ, որը պսակվում է 5 մ բարձրությամբ ունեցող քարե թևավոր խաչով:Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը, ունենալով հայկական դասական ճարտարապետությանը հատուկ նկարագիր, միաժամանակ արդիական է և որևէ միջնադարյան եկեղեցու նմանակը չէ: Կառուցվելով շրջակայքից 15 մ բարձր տարածքում՝ եկեղեցին դիտվում է քաղաքի հեռավոր կետերից, նաև Հանրապետության հրապարակից և իր խոշոր ծավալով ու տպավորիչ ուրվագծով հարստացնում է Երևանի կենտրոնի համայնապատկերը
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
4.03.2021 - 15:01
նախորդ գրառումը