Սյունիքի մարզում կկառուցվի միջազգային չափանիշները բավարարող սպորտային համալիր, այդ թվում՝ համապատասխան ենթակառուցվածքներով ֆուտբոլի մարզադաշտ

Աննա Կոստանյան 6.06.2024 - 15:04
6.06.2024 - 15:04 դիտում

Գործադիրն ընդունել է «ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշում: Գույքը՝ Կապանի մարզադաշտում առկա գույքը սեփականության իրավունքով պատկանում է Գանձասար մարզական կենտրոնին, իսկ զբաղեցրած 1.9292 հեկտար հողամասը՝ սեփականության իրավունքով Կապան համայնքին: Մարզադաշտի առկա ենթակառուցվածքները՝ հանդիսասրահը, հանդերձարանները, սանհանգույցները, ունեն կապիտալ վերանորոգման կարիք: Ըստ հիմնավորման՝ մարզադաշտում հնարավոր չէ իրականացնել միջազգային չափորոշիչներին բավարարող ինչպես տարաբնույթ սպորտային, այնպես էլ մշակութային միջոցառումներ: Գույքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելը հնարավորություն կտա տարածքների համաչափ զարգացմանն ուղղված, ռազմավարական նշանակություն ունեցող Սյունիքի մարզկենտրոնում ստեղծել միջազգային չափանիշներին բավարարող սպորտային համալիր, այդ թվում՝ համապատասխան ենթակառուցվածքներով ֆուտբոլի մարզադաշտ և հանրության լայն զանգվածներին ներգրավել սպորտային միջավայրում: Միջազգային չափանիշները բավարարող սպորտային համալիրի կառուցման ծրագրի իրականացման արդյունքում կներգրավվեն նոր ներդրումներ, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կբարձրանա մարզի նկատմամբ սպորտային գրավչությունը, ինչը բնականաբար կունենա ինչպես մարզական, այնպես էլ սոցիալ-տնտեսական բարձր նշանակություն մարզի և ամբողջ հանրապետության համար: Ծրագրի իրականացումը կունենա նաև բնապահպանական, առողջության, մշակույթի զարգացման նշանակություն:

Անդրադառնալով ընդունված որոշմանը, Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է՝ 2018-ին, երբ այցելել էր Կապան, կապանցիները խնդրել էին ամեն ինչ անել ֆուտբոլը Կապան վերադարձնելու համար: Խնդիրն այն էր, որ Կապանի ֆուտբոլային մարզադաշտի և օժանդակ կառույցների իրավական տարբեր կարգավիճակների, տարբեր սեփականատերերի, նրանց միջև եղած հակասությունների պատճառով երկար տարիներ Կապանում ֆուտբոլային կյանքն ընդհատվել էր: «Ես խոստացա, որ դա տեղի կունենա: Իհարկե, այդ խոստման իրագործումը նույնպես բավականին բարդ ընթացք ստացավ, որովհետև այդ նույն հակասությունների կծիկը տեղափոխվեց մեկ էլ քննարկումների դաշտ, մենք ստիպված էինք տարբեր գործընկերներին, սուբյեկտներին խնդրել, համոզել, բացատրել, հորդորել, որպեսզի որևէ լուծման գնանք: Եվ, ի վերջո, այնտեղ որոշակի հնարավորություն ստեղծվեց, որ մարզադաշտում ֆուտբոլային խաղերը վերականգնվեն: Արդյունքում նաև այս ընթացքում Կապանում երկու ֆուտբոլային թիմ ձևավորվեց՝ «Գանձասար» և «Սյունիք» ֆուտբոլային թիմերը: Ընդ որում, տեղի ունեցավ մի շատ հետաքրքիր բան այս ողջ պատմության ընթացքում, «Գանձասար» ֆուտբոլային ակումբն առաջին խմբի առաջնությունում գրավեց առաջին տեղը և հիմա պետք է հանդես գա բարձրագույն խմբի առաջնությունում: Հիմա բարձրագույն խմբի այդ հաջողությունը «Գանձասար» ակումբի մեզ կանգնեցրեց նոր իրավիճակի առաջ՝ Կապանի մարզադաշտը չի համապատասխանում բարձրագույն խմբի ֆուտբոլային խաղերի անցկացման չափանիշներին: Ու, քանի որ, այդտեղ կան իրավական ամենատարբեր հակասություններ դաշտի տարբեր հատվածների տարբեր սեփականատերերի և տարբեր գործող անձանց միջև, որևէ մեկին խնդրել, հորդորել ներդրումներ տեղի անի՝ հնարավոր չէ, որովհետև հասկանալի պատճառներով, ոչ մեկ չի ուզում ուրիշի սեփականության վրա ներդրում անել և այսպես շարունակ: Քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացության, որ լավագույն լուծումն այն է, որ այդ բոլոր հակասող հատվածներն ուղղակի պետական գերակա շահով դարձնենք պետական սեփականություն ու մտածենք դրա հետագա կառավարման մասին»,-ասել է վարչապետը:

Թեմայի առնչությամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Կապանում հնարավոր չէ անցկացնել բարձրագույն խմբի խաղեր, և թիմերը ստիպված կլինեն խաղալ Վայքում: Ուստի, ըստ նախարարի, կարևոր է, որ Կապանի մարզադաշտը տեսքի բերվի և համապատասխանեցվի պահանջներին:

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ Հայաստանում մինչև 2029 թվականը միջազգային չափանիշներին համապատասխան 3 մարզադաշտ պետք է կառուցվի: Դրանք կծառայեն նաև 2029 թվականի ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելուն, եթե ՖԻՖԱ-ն հաստատի Հայաստանի ու Վրաստանի միասնական հայտը՝ առաջնությունը հյուրընկալելու վերաբերյալ։ Հայաստանը և Վրաստանը միասնական հայտով կդիմեն ՖԻՖԱ` ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդների առաջնությունը հյուրընկալելու համար: «Այդ հարցի վերաբերյալ մենք ֆեդերացիաների առաջարկով պայմանավորվածություն ձեռք բերեցինք նախորդ տարի Բաթումիում։ Ուրախ եմ, որ գործընթացը բնականոն ընթացքի մեջ է։ Հիմա մենք մինչև 2029 թվականը, որը շատ լավ առիթ է մեզ համար, հանրապետությունում 3 մարզադաշտ պետք է կառուցենք, որոնք կհամապատասխանեն աշխարհի առաջնություն անցկացնելու չափանիշներին։ Նրանցից մեկը պետք է լինի մինչև 35 հազար, մյուս երկուսը՝ ամենաքիչը 10 հազար հանդիսատես ունեցող մարզադաշտ»,- նշել է կառավարության ղեկավարը:

Ժաննա Անդրեասյանն էլ իր հերթին նշել է, որ քննարկվել է Վանաձորում և Իջևանում նման մարզադաշտեր ունենալու հնարավորությունը. «Ընդ որում, Վանաձորում խոսքը եղած ստադիոնի վերակառուցման մասին է, որի նախագծման և նախնական աշխատանքներն արդեն սկսված են։ Իջևանում էլ դիտարկվում է նախկինում գործած մարզադաշտի տարածքը։ Իսկ խոշոր ստադիոնը Ակադեմիական քաղաքի շրջանակներում ենք դիտարկում, որը 2029 թվականին պետք է պատրաստ լինի»:

Նիկոլ Փաշինյանը թեմայի առնչությամբ նշել է, որ կառավարության նպատակադրումը հիմնական ազգային ստադիոն ունենալն է: Վարչապետը նաև նշել է, որ Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի մասով աշխատանքները հասել են եզրափակիչ փուլի: Հուլիսին GMP ընկերությունը կներկայացնի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը, որից հետո կմեկնարկի ծրագրի իրագործման փուլը: «2029 թվականին աշխարհի երիտասարդական առաջնություն հյուրընկալելը լավ մոտիվացիա է մեզ համար: Եկեք ենթադրենք, որ աշխարհի առաջնությունը չկա՝ երկրի համար լավ չէ, որ մենք, ըստ էության, միջազգային ստանդարտներին համապատասխանող մարզադաշտ չունենք: Այո՛, Հանրապետական մարզադաշտը կա, բայց մյուս կողմից՝ նրա հնարավորությունը սահմանափակ է»,-ընդգծել է գործադիրի ղեկավարը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ