Սիսիան և Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններ են

Աննա Կոստանյան 26.03.2023 - 09:29
26.03.2023 - 09:29 դիտում

Այսօր Սիսիան և Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններ են:

Շիրակի մարզի Անի համայնքում առաջադրված են «Ազգ-համայնք» դաշինքը (կազմում` «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը և Ռեֆորմիստների կուսակցությունը՝ Արտակ Գևորգյան), «Իմ հզոր համայնք» (Արմենակ Նաջարյան), «Հայկական երազանք» (Ագուն Սաղաթելյան) և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները (Արման Սարիբեկյան):

Այս ուժերից երեքը մասնակցել են նախորդ ընտրություններին, պայքարին նոր է միացել միայն «Իմ հզոր համայնքը»:

Նախորդ տարի սեպտեմբերի 25-ին կայացած ընտրություններում Անիում ամենաշատ ձայնը հավաքել էր համայնքը 18 տարի ղեկավարած Արտակ Գևորգյանը՝ ձայների 49 տոկոսը հավաքելով, սակայն իշխանության գալու համար ավագանու 3 անդամի ձայն էր պակասում:

«Հայկական երազանքի» և «Քաղաքացիական պայմանագրի» անդամները բոյկոտեցին ավագանու նիստերը, և համայնքապետ չընտրվեց: Օրենքի ուժով վարչապետն Անի խոշորացված համայնքի ժամանակավոր ղեկավար նշանակեց տեղական ընտրություններում պարտված իր կուսակից Արման Սարիբեկյանին։

Սյունիքի մարզի Սիսիան համայնքում առաջադրված են Հայաստանի հանրապետական, «Քաղաքացիական պայմանագիր» և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները:

ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Արմեն Հակոբջանյանը, Հանրապետականինը՝ Ջիվան Մարգարյանը, Ավագ Ասատրյանն էլ «Քաղաքացու որոշման» թեկնածուն է:

ԿԸՀ-ն ավելի վաղ հրապարակել էր ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակ­ցու­թյուն­նե­րի դաշինքի հերթական համարները: Այն քաղաքական ուժերը, որոնք մասնակցում են և՛ Սիսիան, և՛ Անի համայնքների ավագանու արտահերթ ընտրություններին, հանդես կգան նույն համարի ներքո։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ