Ճապոնիան Հայաստանի համար շատ կարևոր գործընկեր է․ Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ հարաբերությունների զարգացումն ու համագործակցության ընդլայնումը:
Այս մասին հայտարարեց ՀՀ ազգային ժողովի Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը ԱԺ այգում՝ ճապոնական Հանամի տոնին նվիրված միջոցառման ժամանակ ունեցած ելույթում։
Նա ընդգծեց՝ ծագող արևի երկիրը խորհրդանշող ճապոնական բալենիները ՀՀ ԱԺ այգում տնկվել են 2015-ի մայիսին՝ ի նշան հայ և ճապոնացի ժողովուրդների բարեկամության: Եվ, ավանդույթի համաձայն, այդ հատվածում ամեն տարի նշվում է Հանամի տոնը:
«Հայաստանը մեծապես կարևորում է հայ-ճապոնական բազմաոլորտ հարաբերությունների խորացումն ու ամրապնդումը: Ճապոնիան Հայաստանի համար շատ կարևոր գործընկեր է, և սրանք պարզապես խոսքեր չեն»,-ասաց Բաբկեն Թունյանը:
Բարեկամական խմբի ղեկավարը երախտիքի խոսքեր հղեց Ճապոնիայի կառավարությանը՝ Հայաստանին այս տարիների ընթացքում ցուցաբերած և նույնպես այս պահին շարունակվող աջակցության համար:
Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին նշեց՝ ամեն տարի ՀՀ ԱԺ այգում անցկացվող միջոցառումն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ Ճապոնիայից բերված սակուրաները տնկվել են խորհրդարանի այգում՝ որպես երկու երկրների միջև բարեկամության խորհրդանիշ:
«Այս գեղեցիկ ծառերը տարեցտարի աճում և ծաղկում են՝ ճիշտ այնպես, ինչպես զարգանում են հայ-ճապոնական հարաբերությունները: Սակուրան համարվում է գարնան խորհրդանիշ: Եվ ես հույս ունեմ, որ այն գեղեցկություն ու ոգեշնչում է բերել հայ ժողովրդին և մշտապես հիշեցնելու է Ճապոնիայի և Հայաստանի միջև բարեկամության մասին»,-ասաց դեսպանը:
2015-ից սկսած ամեն տարի միջոցառումը կազմակերպում է «Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միությունը: Այն անցկացվում է, երբ ծաղկում են սակուրաները:
«Մեզ և Ճապոնիայի ժողովրդին միավորում է շատ կարևոր մի հանգամանք: Եվ դա միշտ ուղեկցում է այն ազգերին, որոնք անցյալից բացի ունեն ապագա. այն ժողովուրդները, որոնք հարգում ու կարևորում են սեփական պատմամշակութային, մտավոր ժառանգությունը, նրանք միշտ ապագա ունեն: Մենք և ճապոնացի ժողովուրդը միմյանց հարգում ենք առաջին հերթին հենց այդ պատճառով»,-ասաց ՀՀ ԱԳՆ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ, «Արումենիա-Նիպոն» միության նախագահ Արսեն Առաքելյանը: