ՌԴ դեսպանատունը ցավակցություն է հայտնել հրդեհի հետևանքով 15 հայ զինծառայողի ողբերգական մահվան կապակցությամբ

Աննա Կոստանյան 19.01.2023 - 15:50
19.01.2023 - 15:50 դիտում

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը ցավակցություն է հայտնել հունվարի 19-ի գիշերը հրդեհի հետևանքով 15 հայ զինծառայողի ողբերգական մահվան կապակցությամբ։

«Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկի տարածքում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին, ընկերներին և ծառայակիցներին։ Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունում:

Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմանում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Նախնական տվյալներով՝ հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

Կառավարության նիստին Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտնել է, որ Գեղարքունիքում N զորամասի հրդեհի վերաբերյալ կա նախնական վարկած առ այն, որ հրդեհը բռնկվել է ջեռուցման հետ կապված հարցում անվտանգության կանոնների խախտման պատճառով։

Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Ազատ գյուղում տեղակայված շինության ներսում վառարանը ավտոբենզինով վառելու ընթացքում հրդեհ է բռնկվել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ