Ով իր միջոցներով կապամոնտաժի՝ կապամոնտաժի, ով չի ապամոնտաժի՝ ՏԻՄ-ը հերթով կապամոնտաժի. Փաշինյանը՝ ապօրինի շինությունների մասին

Աննա Կոստանյան 7.02.2024 - 17:50
7.02.2024 - 17:50 դիտում

Եթե մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ինքնակամ կառույցները չեն օրինականացվել, ապա դրանք այլևս օրինականացման ենթակա չեն: Ընդունված նոր որոշմանը Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը՝ նշելով, որ ինքնակամ կառույցների օրինականացման որոշումը որոշակի մտահոգություն է առաջացնում:

Թեև թեման Կադաստրի կոմիտեի տիրույթում էր, սակայն դրան պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատճառաբանելով, որ կոմիտեի ղեկավարը չի մասնակցում նիստին, նաև թեման վերջերս քննարկել են: Փաշինյանը նախ հիշեցրեց՝ ապօրինի շինություն կառուցածներին բազմիցս հնարավորություն է տրվել՝ օրինականացնելու իրենց շինությունները, սակայն այդ հնարավորություններից քաղաքացիները չեն օգտվել:

Արման Ղազարյանն արձագանքեց՝ խնդիրը քաղաքաշինական նորմերին չի վերաբերում: Խոսքն այն շինությունների մասին է, որոնք կառուցված չեն շինարարական նորմերի խախտմամբ, չեն առաջացնում այլ քաղաքացիների իրավունքների խախտումներ: Դրանք հարկավոր է օրինականացնել, բայց ժամկետը երկարաձգելով՝ խնդիրը չի կարգավորվում, քանի որ դրանց մասով օբյեկտիվ լուծումներ են հարկավոր:

Փաշինյանը հիշեցրեց, որ ժամկետ են տվել ու զգուշացրել՝ այս ժամկետից հետո կառուցված ապօրինի շինությունները չեն օրինականացվելու: Նա նաև հիշեցրեց, որ այս գործընթացը մի քանի կառավարություններ մի քանի անգամ արել են:

«Մի մասը գիտի, որ չի օրինականացվելու, արդյունքում քանդվելու է, մյուս մասն էլ ասում է՝ ինչո՞ւ գրանցեմ, մի հատ էլ գույքահարկ տամ: Պատ է, իր համար կանգնած է: 86-րդ ժամկետը, ինչքան էլ ոչ պոպուլյար բան եմ ասում, չի լինելու, վե՛րջ, ավարտվեց այդ թեման, փակվել է, անցել է պատմության գիրկը: Հիմա՝ ով իր միջոցներով կապամոնտաժի՝ կապամոնտաժի, ով չի ապամոնտաժի՝ ՏԻՄ-ը հերթով կապամոնտաժի»,- հայտարարեց Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ