Այսօր՝ փետրվարի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ժգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 85 կմ հատվածում՝ Դիլիջանի ոլորանների 1-ին գոտում, ավտոմեքենա է ընկել ձորը և, ըստ տեղեկությունների, կան տուժածներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Սևանի ջրափրկարարների խումբը։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Դիլիջան» բժշկական կենտրոնի հերթապահ խումբը։
Սևանի ջրափրկարարներն ու ճանապարհային ոստիկանները ճոպանների միջոցով մեծ դժվարությամբ ձորից դուրս են բերել մոտ 70 տարեկան տղամարդու և 12-15 տարեկան տղայի դիեր։
Մահացածներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել Սևանի ջրափրկարարները, իսկ մյուսին հայտնաբերել են մեքենայից դուրս։
Օպերատիվորեն են գործել նաև Սևանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մահացածների մարմինները տեղափոխել են դիահերձարան։
Դիլիջանի բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներից 2 հոգու, ապա տեղափոխել «Դիլիջան» բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարզվել է՝ Mercedes մակնիշի ավտոմեքենան դեպի Դիլիջան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին, տապալել այն, հայտնվել անտառում՝ կոտրելով մի քանի հաստաբուն ծառեր։
Փաստի առթիվ Ս. Սաղաթելյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը;
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի