ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ մոլախաղերն անձնական ու հասարակական աղետի աղբյուր են:
«Այսօր շատերը չեն գիտակցում, թե որքան կործանարար ազդեցություն ունեն օնլայն կազինոներն ու մոլախաղերը մեր հասարակության վրա։ Մի քանի փաստ․
- Հայաստանում մոլախաղերի բիզնեսը տարեցտարի աճում է, մինչդեռ դրանց զոհ դարձած ընտանիքների թիվը գնալով ավելանում է։ Վերջերս պարզվել է, որ ինքնասպանությունների մեծ մասը գործազուրկ տղամարդիկ են, որոնցից շատերը խրվել են պարտքերի մեջ հենց մոլախաղերի պատճառով։
- Միջազգային փորձը ցույց է տալիս, որ այս խնդիրը միայն մեզ չի վերաբերում։ Մեծ Բրիտանիայում տարեկան մինչև 500 ինքնասպանություն է գրանցվում մոլախաղերի պատճառով։ Ավստրալիայում մեկ տարում 200-ից ավել ընտանիք է քայքայվում խաղամոլության հետևանքով, իսկ ԱՄՆ-ում որոշ նահանգներում մոլախաղային հակում ունեցող մարդկանց 20%-ը ինքնասպանության փորձ է կատարում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ մոլախաղերի կախվածություն ունեցող անձինք 15 անգամ ավելի հաճախ են կատարում ինքնասպանություն։
- Միևնույն ժամանակ, շահումով խաղերի ոլորտը շարունակում է բարգավաճել՝ ապահովելով հսկայական եկամուտներ։ Տնտեսագետների գնահատմամբ, սա ոչ թե տնտեսական աճ է, այլ հանրության բարոյական ու սոցիալական դեգրադացիայի նշան։
Այս խնդիրը լուրջ ուշադրության կարիք ունի։ Եթե համաձայն եք, տարածեք ու կիսվեք ձեր կարծիքներով՝ միասին կանգնեցնելու համար այս աղետը»,- գրել է Սարգսյանը:
Հիշեցնենք՝ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի տվյալների համաձայն՝ 2024 թվականին խաղատներում կատարվել է 106 տրիլիոն 407 միլիոն 491 հազար 420 դրամի խաղադրույք, խաղերի մասնակիցներին վճարվել է 97 տրիլիոն 522 միլիոն 783 հազար 890 դրամ շահում:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը նկատել էր՝ վերջին 13 տարիներին ահագնացող տեմպերով աճում են վիճակախաղերի, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեյքերական ծառայությունների ծավալները։ Ըստ նրա՝ եթե 2010 թվականին դրանք կազմում էին շուրջ 35 մլն դոլար, ապա 2023 թվականին այն ավելացել է ավելի քան 440 անգամ՝ հասնելով 15.8 միլիարդ դոլարի։ Մինչդեռ հարկերը և տուրքերը աճել են ընդամենը 26 անգամ։
Պատգամավորը հայեցակարգ է մշակել, խնդրի լուծման համար տարբերակներ առաջարկել: