Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել և ընդլայնել բոլոր այն միջոցառումները, որոնք նպաստում են ՃՏՊ-ների թվի նվազմանը

Աննա Կոստանյան 19.01.2023 - 18:26
19.01.2023 - 18:26 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոստիկանություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը, ինչպես նաև նորաստեղծ Ներքին գործերի նախարարության գործունեության ուղղությամբ առաջիկա քայլերը քննարկելու նպատակով:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, ՆԳՆ և Ոստիկանության պաշտոնատար այլ անձինք:

Զեկուցվել է, որ 2022 թվականին ավարտին է հասցվել Ներքին գործերի նախարարության ձևավորման գործընթացը, և այժմ ընթացքի մեջ են գերատեսչության բնականոն գործունեության ապահովման աշխատանքները, որոնք կտևեն 6 ամիս:

Նշվել է, որ նախատեսվում է ապառազմականացնել Ոստիկանության զորքերը և ձևավորել Ոստիկանության գվարդիա, որի գործառույթների մեջ են մտնելու հասարակական կարգի, պետական շենքերի անվտանգության ապահովումը և այլն:

Հաշվետու ժամանակահատվածում Ոստիկանության պարեկային ծառայություններ են ձևավորվել Լոռու և Շիրակի մարզերում, արդեն առաջիկա օրերին նման ծառայություններ կսկսեն գործել նաև Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում:

Ընթացքի մեջ են Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում Պարեկային ծառայությունների ձևավորման աշխատանքները: Ներկայում ընթացքում է մրցութային փուլը՝ կադրերի համալրման նպատակով: 2023 թվականին նախատեսվում է ձևավորել նաև Ջրային պարեկային ծառայություն:

Պատասխանատուները զեկուցել են Ոստիկանության ծառայողների ատեստավորման գործընթացի մասին, ինչի արդյունքում տեղի կունենա և՛ աշխատավարձերի բարձրացում, և՛ սոցիալական երաշխիքների բարելավում:

Հաջորդիվ ներկայացվել են հանցավորության դեմ պայքարի, Ոստիկանության համակարգի տեխնիկական հագեցվածության մակարդակի բարձրացման, կրթական միջավայրի բարելավման, Ոստիկանության ծառայողների վերապատրաստման ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Անդրադառնալով թմրամիջոցների դեմ պայքարին՝ նշվել է, որ նախորդ տարվա ընթացքում ստեղծվել է համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանում, ներկայումս ընթացքի մեջ են վերջինիս տեխնիկական միջոցներով համալրման աշխատանքները:

Հաշվետու ժամանակահատվածում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման թիվը 2021 թվականի համեմատ ավելացել է 77 տոկոսով: Ներկայացվել են Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոնի գործունեության արդյունքները: Տեղեկացվել է, որ նորաստեղծ կենտրոնը գործունեության երկու ամսում կայացրել է 2155-ով ավելի վարչական պատասխանատվության որոշում:

Տեղեկացվել է, որ 2022 թվականի ընթացքում Հանրապետությունում նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը: Մասնավորապես, նախորդ տարի արձանագրվել է 4 հազար 308 ՃՏՊ, որի հետևանքով զոհվել է 321 և մարմնական վնասվածքներ ստացել 6 հազար 153 անձ: 2021 թվականի համեմատ ՃՏՊ-ների քանակը նվազել է 296-ով, զոհերի թիվը՝ 47-ով, իսկ վիրավորներինը՝ 546-ով:

Նշվել է, որ վերջին տարիների ընթացքում ՃՏՊ-ների թվի նվազում տեղի է ունեցել առաջին անգամ:

Հաջորդիվ անդրադարձ է կատարվել Քրեական ոստիկանության մարզային ստորաբաժանումների ձևավորմանը, Հանրապետությունում առկա օպերատիվ իրավիճակին, հանցագործությունների դեմ պայքարին, Օպերատիվ կառավարման համակարգի ներդրմանը, ինքնագլորների հետ կապված խնդրին և այս ոլորտում համապատասխան կարգավորումների ներդրման վերաբերող հարցերի:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է վերը նշված ուղղություններով աշխատանքների շարունակականության ապահովումն ու արդյունավետ իրականացումը, ընդգծել Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումների կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի հետևողական բարելավման անհրաժեշտությունը, այդ թվում՝ թվայնացման և էլեկտրոնային համակարգերի ներդրման միջոցով:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել և ընդլայնել բոլոր այն միջոցառումները, որոնք նպաստում են ՃՏՊ-ների թվի նվազմանը: Այս համատեքստում, կարևորվել է բալային համակարգի բարելավումը, վարորդական վկայականների տրամադրման չափանիշների բարձրացումը:

«Պետք է էականորեն բարձրացնել վարորդական վկայականնների տրամադրման ստանդարտը՝ համապատասխան միջազգային չափանիշների: Պետք է բացառենք դեպքերը, որ որևէ մեկը, ով չպետք է ստանա վարորդական վկայական, ինչ-ինչ եղանակով ստանա: Խոսքը մարդկային կյանքերի մասին է: Իրականացվող միջոցառումները պետք է ունենան ՃՏՊ-ները կանխարգելող նշանակություն»,- ընդգծել է վարչապետը:

Խոսելով մարզերում Ոստիկանության պարեկային ծառայությունների ներդրման մասին՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ակտիվ միջոցառումներ իրականացնել կանանց ներգրավվածության ընդլայնման ուղղությամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ