Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատատեղերի առումով 2022 թվականի մարտ ամսվա ցուցանիշները բացարձակ ռեկորդ է համարում Հայաստանի ողջ պատմության մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստին վարչապետը նշեց, որ 2022 թվականի մարտ ամսին արձանագրվել է 654 հազար 784 վճարվող աշխատատեղ, որը 2021 թվականի մարտի համեմատ ավել է 5.3 տոկոսով, 2019-ի նկատմամբ՝ 12.1 տոկոսով, 2018 թվականի մարտի համեմատ՝ 22.4 տոկոսով:
«2018 թվականից ի վեր մենք ունենք 120 հազար 660 նոր արձանագրված աշխատատեղ: Սակայն կա մեթոդաբանության խնդիր: Մենք չենք կարողանում զատորոշել, դրանցից որոնք են նոր ստեղծված, և որոնք են պարզապես ստվերից դուրս եկել»,-ասաց վարչապետը:
Անդրադառնալով 2022 թվականի մարտ ամսվա միջին ամսական աշխատավարձին` Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այն կազմել է 243 հազար 607 դրամ, որը 2021 թվականի մարտ ամսվա համեմատ ավել է 32 հազար 202 դրամով կամ 15.2 տոկոսով, 2019 թվականի համեմատ ավել է 59 հազար 730 դրամով կամ 32.4 տոկոսով, 2018 թվականի մարտի համեմատ ավել է 69 ազար 530 դրամով կամ 39.9 տոկոսով: