Մեղադրանքները, թե ՊՆ-ն թաքցնում է ինչ-ինչ փաստեր՝ կապված Ադրբեջանի ԶՈՒ-ում թուրք զինվորականների ներկայության հետ, ուղղակի անհիմն են. ՀՀ ՊՆ

Աննա Կոստանյան 12.06.2021 - 17:42
12.06.2021 - 17:42 դիտում
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով մամուլում տարածվող տեղեկություններին, թե «Սյունիքի մարզում՝ Սև լճի շրջանում, արդեն երկու օր է՝ տեղակայվում են Թուրքիայի հատուկ նշանակության բանակային ստորաբաժանումներ»:
«Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես` ՀՀ պաշտպանության նախարարությունը, բազմիցս, այդ թվում նաև միջազգային ամենատարբեր հարթակներում, անդրադարձել է խնդրին, որ թուրքական զինված ուժերը մեծ ներգրավվածություն ունեն ադրբեջանական բանակի վերապատրաստման, հրահանգավորման և նույնիսկ կառավարման գործընթացներում:
Ասվածի ամենավառ վկայությունը Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմն էր, որին թուրքական զինված ուժերն ունեցան անմիջական մասնակցություն: Թուրք զինվորականների ներկայությունը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներում վաղուց արդեն փաստ է, հաստատված` այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից:
Այս տեսանկյունից` մեղադրանքները, թե ՀՀ ՊՆ-ն թաքցնում է ինչ-ինչ փաստեր՝ կապված Ադրբեջանի զինված ուժերում թուրք զինվորականների ներկայության հետ, ուղղակի անհիմն են:
Ինչ վերաբերում է լրատվամիջոցներով տարածվող՝ թուրքական տարբերանշանով զինվորականի լուսանկարին, ապա այն արվել է հայ-ադրբեջանական սահմանի ոչ հայկական հատվածում, զինվորականների շարժը վերահսկվել է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից, իսկ տվյալ տարածքում ոչ մի «թուրքական բանակային ստորաբաժանման տեղակայման» մասին խոսք չի գնում»,- ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ