Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր․ Արցախի ՄԻՊ

Աննա Կոստանյան 27.09.2020 - 11:13
27.09.2020 - 11:13 դիտում

Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր: Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ-ը։

«Ադրբեջանական հրետակոծությունների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր ու վիրավորներ:

Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր: Մնացած բնակավայրերի մասով տվյալները ճշտվում են:

Հրետակոծել են նաև դպրոցներ, ներառյալ՝ Ստեփանակերտում:

Քաղաքացիական ենթակառուցվածքների մեծամասշտաբ վնասներ կան բազմաթիվ բնակավայրերում»,- գրել է նա։

Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը Արցախի ուղղությամբ օդային և հրթիռային հարձակում է սկսել։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ։ Մարտերը շարունակվում են։

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը տեղեկացրել է, որ հակառակորդը հրետանակոծություն է սկսել շփման գծի ողջ երկայնքով, հրետանակոծվում են խաղաղ բնակավայրերը՝ այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։ Ավելի ուշ նա գրել էր, որ իրավիճակն ամբողջությամբ գտնվում է Հանրապետության նախագահի վերահսկողության տակ։

«Բնակչությանը կոչ ենք անում պահպանել հանգստություն, մնացեք թաքստոցներում։ Մարտերը շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են։ Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները»,- գրել է Պողոսյանը։

Այս պահին պաշտոնական տվյալներով՝ հայկական կողմը հակառակորդի 2 ուղղաթիռ, 3 տանկ և ԱԹՍ-ներ է խոցել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ