Հետևանքների վերացում, աղետների ռիսկի կառավարում․ կայացել է «Անվտանգության մշակույթի զարգացումը» խորագրով աշխատաժողովը

7.12.2022 - 19:33 դիտում

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, տեղի է ունեցել Սպիտակի ավերիչ երկրաշարժի «Հիշատակի և դիմակայունության» օրվան նվիրված աշխատաժողով՝ «Անվտանգության մշակույթի զարգացումը» խորագրով։

Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության, Ասիական զարգացման բանկի, ԱՌՆ ազգային պլատֆորմի, Բնական և բնապահպանական ռիսկերի նվազեցման հիմնադրամի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՄԱԿ-ի ԱՌՆ գրասենյակի համատեղ ջանքերով։

Աշխատաժողովին մասնակցել են ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը, ՄԱԶԾ Հայաստանի գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նաթսվլիշվիլին և ՄԱԿ ԱՌՆ գրասենյակի Եվրոպական և Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Օկտավյան Բիվոլը։

Աշխատաժողովի նպատակն էր բարձրացնել բնակչության և արձագանքող մարմինների իրազեկվածությունն աղետների ռիսկի կառավարման հիմնահարցերի ուղղությամբ։ Ներկայացվել և քննարկվել են սեյսմիկ վտանգի, երկրաշարժերի մոնիտորինգի և աղետների բազմակի ռիսկերի կառավարման ժամանակակից մոտեցումներն ու կիրառման ոլորտները, բնակչության կրթության և հանրային իրազեկման հիմնահարցերը, Սենդայի ծրագրի իրականացման մոնիտորինգի արդյունքները, հետաղետային վերականգնման հայեցակարգը, ինչպես նաև Սենդայի գործողություններից բխող աղետների ռիսկի կառավարման իրավական կարգավորումները։

ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը նշել է, որ 1988 թվականի ավերիչ երկրաշարժը մինչ օրս հայ մարդու գիտակցության մեջ դաջված է որպես ազգային մեծագույն աղետ։

«Երկար տարիների վերականգնումից հետո պատահածի միակ սփոփանքը քաղված դասերն ու արված հետևություններն են, որոնք ամբողջությամբ կերպափոխեցին Հայաստանի՝ աղետներին դիմակայելու կարողությունն ու սկզբունքը: Մենք հետևանքների վերացման հարացույցից անցում կատարեցինք աղետների ռիսկի կանխարգելման և կառավարման»,-ընդգծել է Դ․ Համբարյանը։

Նրա խոսքով՝ կարևորագույն ուղերձը, որ այսօր կարող ենք նշել, այն է, որ մշակվող ու հաստատվելիք փաստաթղթերն անշուշտ առաջնահերթ են, սակայն դրանց իրականացումն ու կյանքի կոչելը կախված է յուրաքանչյուրի պատասխանատու և գիտակից մոտեցումից, որը ժամանակի մեջ պահանջում է երկարատև ու քրտնաջան պատրաստություն, կրթություն և գիտակցության աննախադեպ որակ։

ՄԱԶԾ Հայաստանի գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նաթսվլիշվիլին էլ ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը, որ ազգային պլատֆորմի, «Էլ Ջի Ջի» հիմնադրամի հետ միասին մասնակցել են այս ծրագրի իրականացմանը։

ՄԱԿ ԱՌՆ գրասենյակի Եվրոպական և Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Օկտավյան Բիվոլն էլ իր հերթին ընդգծել է, որ Սպիտակի երկրաշարժը հստակ ներկայացնում է, թե ինչ կարող է տեղի ունենալ մարդկանց կյանքերի և ենթակառուցվածքների հետ, որը կհարատևի սերնդեսերունդ։

Աշխատաժողովի ավարտին եռակողմ փոխհամագործակցության հուշագիր է ստորագրվել «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ»-ի, «Բնական և բնապահպանական ռիսկերի նվազեցման «Էլ Ջի Ջի» հիմնադրամ»-ի և «Սեյսմիկ ռիսկի գլոբալ մոնիտորինգի միջազգային կենտրոն» ՍՊԸ-ի միջև։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ