Հանձնարարված է ժամանակավոր կացարաններով ապահովել Խրամորթից և Փառուխից տարհանված կարիքավոր ընտանիքներին. Արտակ Բեգլարյան

Աննա Կոստանյան 29.03.2022 - 14:47
29.03.2022 - 14:47 դիտում

Այս օրերին տարբեր պետական մարմիններ իրենց աշխատանքն են կատարում իրավիճակից բխող հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Ես քանիցս այցելել եմ Խրամորթ համայնք, կապ եմ պահում շրջվարչակազմերի ղեկավարների ու լիազոր նախարարների հետ, տալիս համապատասխան հանձնարարականներ:

Նախ՝ Խրամորթի ու Փառուխի բնակիչների (շուրջ 200 երեխա, կին ու տարեց) տարհանման կազմակերպումից հետո հանձնարարել եմ սոցիալական զարգացման ու միգրացիայի նախարարությանը արագորեն գնահատել տարհանված ընտանիքների կարիքները և ցուցաբերել առաջին անհրաժեշտության աջակցություն: Արդեն սննդամթերքի տեսքով որոշակի ծավալի աջակցություն տրվել է, և առաջիկայում աջակցության լրացուցիչ միջոցներ ևս կկիրառենք:

Կառավարության հետ համագործակցությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ևս ցուցաբերում է աջակցություն, այդ թվում՝ ֆինանսական բնույթի, և, ըստ կարիքի, կառավարությունը նույնպես կտրամադրի ֆինանսական օգնություն տարհանված անձանց՝ հաղթահարելու իրենց սուր հիմնախնդիրները:

Հանձնարարված է լիազոր մարմիններին կարիքների գնահատման արդյունքների հիման վրա ապահովել Խրամորթից ու Փառուխից տարհանված կարիքավոր ընտանիքներին ժամանակավոր կացարաններով՝ մինչև իրավիճակի կարգավորումը և նրանց վերադարձը հայրենի տներ: Աշխատանքներ են տարվում նաև տարհանված երեխաների կրթության պատշաճ կազմակերպման ուղղությամբ:

Գյուղատնտեսության նախարարությունը միջոցներ է ձեռնարկում կենդանիների պաշտպանության ու անասնակերի ապահովման ուղղությամբ:

Մի շարք աշխատանքներ են կատարվել ու կատարվում նաև այլ ուղղություններով, այդ թվում՝ Հայրենիքի պաշտպանության գործին աջակցելու առումով, որոնց մասին լիազոր մարմինները առանձին հրապարակումներով հանդես կգան»,- գրել է Բեգլարյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ