Tert.am:Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի և Թուրքիայի հետ տրանսպորտային միջանցքի ձևավորմանը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ դեկտեմբերի 31-ին ընդունելով Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած թուրքական ռազմական պատվիրակությանը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ներկայումս մենք մեծապես կարևորում ենք Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա միջանցքի ձևավորումը, և առաջին հրահանգներն արդեն տրված են»,-ասել է Ալիևը: Նրա խոսքով՝ առաջիկա օրերին ադրբեջանական կողմը կսկսի երկաթգիծ կառուցել Հորադիզից (Ֆիզուլիի շրջան) դեպի Զանգելան՝ Հայաստանի հետ սահման:
«Արդեն պատրաստ է տեխնիկատնտեսական հիմքը: Կարծում եմ, որ երկաթուղու կառուցումը կտևի առավելագույնը 2 տարի»,- ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը:
Միևնույն ժամանակ, նա կարծում է, որ կարելի է չսպասել երկաթուղային գծի շինարարության ավարտին և երկաթուղով փոխադրում իրականացնել մինչև Հորադիզ, իսկ այնտեղից՝ ծանր բեռնատարներով:
«Սա օրակարգի կարևոր հարց է: Կարծում եմ և վստահ եմ, որ մենք կարող ենք արդեն Ադրբեջանից Թուրքիա ապրանքներ ուղարկել Հայաստանի և Նախիջևանի տարածքով և ապրանքներ ստանալ հակառակ ուղղությամբ: Այսպիսով, կիրականացվի Նախիջևանի միջանցքի բացումը, որը նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության կարևոր մասն է»,- նշել է Ադրբեջանի նախագահը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցել Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։